Երեկ օրվա ավարտի «Տարեմուտի խոհեր» հրապարակմամբ մենք փաստորեն ընթերցողին նախապատրաստեցինք նրան, ինչը որ հիմա ասելու ենք: Այսօրվանից, նեառյալ հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածը, կայքն անցնում է Սահմանադրության առանցքային պահանջներից մեկի կատարմանը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու հանգստանալու իրավունք: Ճիշտ է, մեր մեջ ասած, վերը շարադրվածը բառացիորեն այնքան էլ այդպես չէ, բայց թե բովանդակությունը մոտավորապես այդպիսին է, իսկ մենք երկրի հիմնական օրենքը չհարգելու ոչ մի իրավունք չունենք: Անգամ՝ սահմանադրորեն:

Մի խոսքով, գլուխներդ ի՛նչ ցավեցնեմ, գնում ենք արձակուրդ, բայց այն գաղտուկ հույսով, որ մեզ… կարոտելու եք: Սակայն այդ կարոտը մեղմելու (եթե իսկապես լրջորեն կարոտելու եք) առիթներ մենք թողնում ենք ու այնպես չէ, որ մեր արձակուրդ գնալուց հետո հայտնի Արտավազդ արքայի հանգույն ձեզ մոխրաթաղ եք անելու, թե՝ գնացիք ու ձեզանից հետո բան չթողեցիք, անկարդալ ո՞նց ենք ապրելու:

Կարդալու, այն էլ լիքը կարդալու բան մենք ձեզ թողնում ենք նախ ի դեմս մեր «Քաղաքական երգիծանք» շարքի, որը վերընթերցելիս խորքային շատ դիտարկումներ կհայտնաբերեք, որոնք ընթացիկ ընթերցանության կամ օրվա ապշոպի մեջ չէիք էլ նկատել: Կգտնեք ու չզարմանաք, թե՝ այդ ո՜նց չէինք նկատել: Պարզապես կհայտնաբերեք, որ մենք իրականում խորքայի՛ն նյութեր ենք հրամցրել, ու դրանցում լիքը բանալի բաներ կան, որոնք կօգնեն Ձեզ տեսնել… նաև հայաստանյան զարգացումների հեռանկարները:
Ուրեմն, պայմանավորվեցինք, «Քաղաքական երգիծանքը»՝ մեկ:


Մեր երկրորդ հաճելի նվերը Ձեզ «Բացվող էջեր» շարքն է, որի ինտենսիվացման հարցում, խոստովանում ենք, լուրջ անելիքներ ունենք: Պարտավորվում ենք (հո այսպես չենք մնա, կուղղվենք), շարքն ավելի թիրախավորված կդարձնենք, բայց թե, խոսքի արանքում թույլ տվեք նկատել, այստեղ էլ ընթերցելու լիքը բան ունենք:

Եվ վերջապես մեր կայքի դիմագծային երրորդ խոշոր բացահայտիչը՝ «Խոսում է FACEBOOK-ը», որը հղացանք որպես ժողովրդյան հրապարակ-հարթակ, քո անմիջական, առանց միջնորդավորվածության արտահայտվելու հնարավորություն:

Այսքանից ետքը չենք ասում, թե մեր մնացած նյութերը կարևոր չէին կամ չեն:
Քավ լիցի, դրանք էլ իրենց գինն ու արժեքն ունեն, պարզապես դրանց կարող էիք հանդիպել նաև մյուս կայքերում ու լրատվամիջոցներում, թեպետ, այստեղ էլ մենք ինքնատիպ ենք եղել, բայց թե ամեն ինչի մասին հո մինչև վերջ չե՞ս ասի՝ այդպես վարվելը կնմանվի գլուխգովանության, մինչդեռ մենք մեր բաժին համեստ խնդրով ենք մտել լրատվադաշտ ու, առանց ուրիշների հետ չափ ընկնելու, մեր բաժին խնդիրն ենք ընդամենը փորձում լուծել՝ հավատարիմ Պլատոնի ու ճշմարտության մասին բանաձևումին:

Ինչևէ: Հիմա տեսա՞ք, որ որքան էլ թագավոր անձ, այդուհանդերձ թագաժառանգ Արտավազդ լինելու ոչ մի հիմք չունեք, ու մեզ էլ հարկ չէ դիտարկել որպես Հադեսի թագավորություն ուղղություն վերցրած արքա Արտաշես: Կրկնում ենք՝ մենք ընդամենը գնում ենք ամանորյա արձակուրդ, ու դա անում ենք ոչ միայն հանուն Սահմանադրության պահանջների կատարման, այլև… հանուն սիրո, հանդուրժողության, թավշյա հեղափոխության:
Չհարցնեք՝ ի՞նչ կապ ունեն մեր արձակուրդ գնալն ու երկրում իրականացված հեղափոխությունը, զի դուզ խոսքի մասին ժողովրդական հայտնի բանաձևումը կա, իսկ մենք այդ չորքոտանուց հեռու ենք կիլոմետրերով ու նույնն էլ մտածում ենք մեր գործընկերների առնչությամբ:

Եվ այնուամենայնիվ խոսքս կուզենայի ավարտել ոչ միայն անցյալի բաժին դարձած նյութեր կարդալու մասին հղումով: Հանձնարարություն ստացած մեր աշխատակիցները, թղթակիցներն այս երկու օրը ձեզ կներկայանան հետաքրքրիր պատումներով, որոնք կապված են ամանորից ունեցած տպավորությունների հետ: Ճիշտ է՝ մեր Քյավառա գյոզալներից մեկը հանձնարարությունը մի փոքր այլ կերպ է հասկացել, բայց թե դա էլ երևի այդ տարածաշրջանին բնորոշ օգտագործվող բանի հետևանք է եղել: Ինչևէ: Չմանրանանք: Կարդացեք, հետաքրքիր կլինի, իսկ մինչ ասելիքս վերջակետելը թույլ տվեք բոլորիդ մաղթել ուրախ ամանոր, շնորհավորել նոր սկսվող տարվա ու Սուրբ Ծննդի տոնի կապակցությամբ, մաղթել ձեզ ու ձեր ընտանիքներին առողջություն, երջանկություն ու բարօրություն և այս ամենը նաև ի շահ մեր աշխարհագրորեն փոքր, իրականում տիեզերածավալ Հայրենիքի՝ Հայաստան աշխարհի:

Ողջ լերուք:

Ձեր՝ Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ