Տուրիզմը Լոռու մարզում մշտապես եղել է գերակա ճյուղ: Բազում ծրագրեր են մշակվել զբոսաշրջության զարգացման համար, սակայն մշտապես խնդիրներն գերակշռել են՝ կասեցնելով առաջընթացը:

«Լոռու տուրիզմի եւ զարգացման հետազոտության կենտրոնը» 4 ամսյա գործունեության ընթացքում մարզում 3 ներդրումային ծրագիր է իրականացրել: «ՄԶԾ ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» կենտրոնի ֆինանսական աջակցությամբ Լոռռւ մարզում առաջին անգամ անցկացվեց ռաֆտինգ, հիմք դրվեց 47 կմ քայլարշավային ճանապարհի՝ 8 երթուղիներով եւ հեքիաթասերների առաջ Փամբակում բացվեց «Հեքիաթի տունը»: Կենտրոնի համակարգող Գեւորգ Վարդանյանն ասում է, սա հարթակ է, որի շնորհիվ կարողանում ենք կյանքի կոչել նախանշած ծրագրերը.

-Այժմ մարզի ամբողջ ռեսուրսին տիրապետում ենք, քայլեր ենք ձեռնարկելու չօգտագործվող ռեսուրսի համար իրացման ուղիներ գտնելու եւ մնացածը կատարելագործելու ուղղությամբ: Հաջորդ տարի կենտրոնների թիվն է ավելանալու՝ 4-ը՝ Վանաձոր քաղաքում, մնացածը՝ հարակից համայնքներում: 25 միջոցառում է նախատեսվում, որից 13-ը միջազգային՝ եւս մեկ խթան զբոսաշրջության զարգացման համար:

Ամանորի շեմին Վանաձորում առաջին անգամ կենտրոնը հնգօրյա տոնական տոնավաճառ կազմակերպեց: «Ձմեռային հեքիաթ» տոնավաճառին մասնակցում են 40 արտադրական եւ հասարարակական կազմակերպություններ: Վանաձորի ու Լոռու մարզի արտադրական ձեռնարկությունների, գյուղական համայնքներում արտադրվող սննդի եւ անհատների ձեռագործ աշխատանքներն ի մի բերելով, թեեւ փոքր մասշտաբով, կայացավ տոնական տոնավաճառը: Կենտրոնը նախատեսում է տարեց-տարի ընդլայնել մաստաբները:

-Դժվարություններ բնականաբար եղել են: Սկզբում տաղավարների գնից էին բողոքում, բայց գնային քաղաքականությունը վերանայվեց եւ մասնակցության հայտ ներկայացնողներն ավելացան: Համոզել ենք միայն այն մասսային, ովքեր վարժվել են մայրաքաղաքում կազմակերպել իրենց ապրանքի վաճառքը եւ վստահ չէին, որ Վանաձորում հնարավորություն կունենան իրենց արտադրանքն իրացնելու: Ծրագրից ամենամեծ ակնկալիքը, որ վանաձորցիների մոտ այդ կարծրատիպը ջարդվի՝ արտադրողը վստահություն ունենա, որ իր արտադրանքն կարող է իրացնել հայրենի քաղաքում:

«Արտեքսը» բարձրորակ հումքից, մատչելի արտադրություն է սկսել Վանաձորում: Նրանց տեսականին կարելի է գտնել Երեւանի գրեթե բոլոր եւ Գյումրիի 29 առեւտրային կազմկերպություններում, արտահանվում է ՌԴ եւ մի քանի եվրոպական երկիր, բայց մտածելակերպի պատճառով չի իրացվում Վանաձորում: Ընկերության ներկայացուցիչները փաստում են, որ տոնավաճառին առաջինն այդ կարծրատիպը կոտրեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ գնելով միանգամից մեկ տուփ երեսսրբիչ:

Միջոցառման կազմակերպիչները տոնավաճառն ավելի հետաքրքիր դարձնելու համար նաեւ համերգային ծրագիր ու մանկահասակների համար ժամանցային խաղեր են կազմակերպել:

-Ավելի շատ փորձում ենք ապահովել ձմեռային հեքիաթը: Տոնական տաք մթնոլորտը կապահովի «Վանաձոր տրիո» ջազ ակումբը, փոքրիկների համար անակնկալներ ու խաղեր է ապահովում «Ձմերուկ» շոուների կազմակերպման կենտրոնը՝ հետաքրքիր խաղեր նաեւ նվերներ Ամանորի խերհրդանիշ Ձմեռ պապիկի կողմից:

Տոնավաճառը կտեւի մինչեւ դեկտեմբերի 27-ը, ստացված հասույթը ներդրվելու է հունվարին կայանալիք միջոցառմանը, իսկ փետրվարին նախատեսվում է միջազգային ցուցահանդես կազմակերպել, որը զբոսաշրջիկների մեծ հոսք կբերի՝ հնարավորություն ընձեռելով հենց Վանաձորում ապահովել իրենց ժամանցը:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ