Վերջին շրջանում երկրում քննարկվող թիվ մեկ թեման կադրային փոփոխություններն են: Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո կառավարության կազմն ամբողջությամբ փոխվել է եւ դեռ շարունակում է փոխվել: Թափուր հաստիքների թիվը վերջին երկու ամիսների ընթացքում զգալիորեն մեծացավ՝ կապված երկրում տեղի ունեցող շրջադարձային իրադարձություններով: Այսինքն՝ նախարարություններում սովորաբար առկա 5-8 թափուր հաստիքների թիվը կրկնապատկվեց, կամ նվազագույնը ավելացավ մի քանիսով, քանի որ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի՝ ապրիլի 23-ի հրաժարականից հետո մի շարք պաշտոնատար անձինք՝ քաղծառայողից մինչեւ հայեցողական պաշտոն զբաղեցնող, նախարարից խոսնակ, խորհրդականից տեղակալ իրենց դիմումների համաձայն ազատվեցին աշխատանքից:

Օրերս Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր որոշ նախարարություններում առկա ազատ աշխատատեղերի ցանկը: Ըստ ԻԱԿ-ի տնօրենի հրապարակած տվյալների՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում մայիսի 23-ի դրությամբ կա 29 ազատ աշխատատեղ, Մշակույթի նախարարությունում՝ 13 հաստիք, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում՝ 19 թափուր հաստիք: Շուշան Դոյդոյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ ցանկը շարունակական է լինելու, հաստիքների հրապարակման նպատակը իրազեկ հասարակություն ունենալն է, որն անկախ ու արդար ընտրությամբ կկարողանա կադրային դրական ներհոսք ապահովել: «Անհրաժեշտ է ծանոթ-բարեկամի միջոցով աշխատանքի տեղավորվելուն վերջ տալ, խելացի կադրեր ունենք, որոնք կարող են անկախ ու արդար ընտրությամբ աշխատանքի տեղավորվել տվյալ գերատեսչություններում»:

Արդյոք թափուր հաստիքները կարող են ազդել պետական մարմինների աշխատանքի վրա և կարելի է մտածել, թե փաշինյանական կառավարությունը կադրային խնդիր ունի, PrimeNews.am-ը հետաքրքրվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանից: Նրա խոսքով՝ սա բնականոն պրոցես է և թափուր հաստիքները միշտ էլ առկա են եղել, պարզապես վերջին զարգացումներից հետո դրանց թիվն ավելացել է մի քանիսով, ինչը ևս բնական է: «Չի կարող լինել այնպես, որ գերատեսչություններում չլինեն ազատ աշխատատեղեր, որոշները դեկրետի են գնում, դուրս են գալիս, կադրային հոսքը բնականոն գործընթաց է: Այս ամենը չի կարող ազդել պետական աշխատանքի վրա»,-մեզ հետ զրույցում ասաց Շուշան Դոյդոյանը:

Լուսանկարները՝ Շուշան Դոյդոյանի ֆեյսբուքյան էջից

Արմինե Միքայելյան