Associated Press լրատվական գործակալությունը շոկային բացահայտում է արել լրագրողական հետաքննության արդյունքում։ Ինչո՞ւ են չինական ապրանքներն այդքան էժան, որով կարողացել են նվաճել գրեթե ողջ համաշխարհային շուկան. այս հարցը թերևս մշտապես հուզել է բոլորին։ Եվ հիմնական պատասխանը գրեթե միշտ եղել է հետևյալը՝ անորակ է։ Անորա՞կ է իրականում չինական արտադրանքը, թե՞ միֆ է դա է։ Ինչո՞ւ է ուրեմն այդքան էժան չինական շուկան։

Լրատվամիջոցը պարզել է, որ Չինաստանում գործում է այսպես կոչված «վերադաստիարակման ծրագիրը, որը վերաբերում է տեղացի մուսուլմաններին, որոնք հիմնականում խիտ կերպով բնակեցված են Սինցզյանում և Պակիստանի հետ սահմանի հարակից շրջանում։ Հետաքննությունը պարզել է, որ այդ շրջաններում, քաղաքներում հաստատված է դաժան բռնատիրական ռեժիմ, փողոցներում գրեթե ամենուր կան ուղեկալներ, իրականացվում է մուսուլման բնակչության հանդեպ մշտական լրտեսում, հաճախ մուսուլմաններին ստիպում են հրաժարվել իրենց կրոնական համոզմունքներից։ Այսպես հազարավոր ույղուրցիներ ուղարկվում են հատուկ ճամբարներ, որտեղ անվճար աշխատում են տեքստիլ, սննդի կամ այլ ձեռնարկություններում։ Իշխանությունները այդ ձեռնարկություններն անվանում են «ուսումնական կենտրոններ», որոնք օգնում են մուսուլմաններին ինտեգրվել ժամանակակից հասարակություն, սակայն այնտեղ իրականում տեղի է ունենում աշխատանքային ստրկական շահագործում։ Ուսումնական նման ճամբարներում կենցաղային և հիգիենիկ տարրական պայմանները բացակայում են, իսկ արտադրանքն էլ հիմնականում կամ սպառվում է ներքին շուկայում կամ էլ չափազանց էժան արտահանվում է։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ