Վերջերս հայ ֆերմերները ապստամբեցին և պահանջեցին թուրքական լոլիկի ներկրումը կանխարգելել: Թուրքիայից ներկրվող լոլիկը որակով չի փայլում, ավելին՝ կասկածելի համ ու բույր ունի, սակայն գերիշխող դիրք ունի շուկայում, զի էապես էժան է հայ պատվարժան ֆերմերների արտադրած լոլիկից:

Կողակցուհիս, այսինքն՝ տ. Բեկ-Մրրիկյանն առաջարկում է ներքին շուկայի պահպանման նպատակով հնգապատիկ բարձրացնել թուրքական լոլիկի մաքսատուրքը, դրանով էլ օժանդակել հայ ֆերմերներին, որոնց ծնած ու սնած պոմիդորը մի քիչ թանկ է, սակայն որակապես գերազանցում է ներկրվածին, միաժամանակ համն ու հոտը կասկած չեն հատուցում:
Համ էլ հայկական է:

Հիմք ունենալով երկրում ընթացող ժողովրդավարացման գործընթացը՝ ես ընդդիմախոսեցի սրտիս տիրուհուն՝ չէ՞ որ 3-րդ հանրապետությունը վաղուց է ինքնահռչակվել որպես ազատական տնտեսական բարքերի ավանգարդ երկիր և դեռ գտնվում է գանգրահեր Բագրատյանի մտասևեռումների հնոցում, իսկ Նիկոլին…

-Նիկոլին ձեռք չտաս, ախմախ Զարզանդիկ, -գլխիս բամփեց կողակցուհիս և գալիք ամանորի համար ողջ տարվա ընթացքում խնայված 101 հազար դրամը խլելով՝ անցավ առարկայական գործողությունների:

Գաղտագողի հետևեցի նրան: Տիկին Բեկ-Մրրիկյանս ճեմաքայլ, սակայն ռազմաշունչ ներխուժեց ուստա Գվիդոնի գյուղմթերքի վաճառատուն, գնեց 300 դրամանոց թուրքական անառողջ կարմիր գույն ունեցող ամբողջ պոմիդորը, կանչեց բակի գլխավոր հարբեցող Արամայիսին և, 2000 դրամ նրան տալով, կարգադրեց երեք իշաբեռ լոլիկը հատ-հատ ճզմել ու նետել «Սանիթեքի» մոտակա աղբարկղը: Հետո ինքնագոհ շփեց ձեռքերը, մտավ վարսահարդարման սրահ՝ վարսերը գանգրացնելու անըմբըռնելի ցանկությամբ՝ չէ որ տոնական սանրվածքի կարիք չկար. ամանորը չէինք նշելու դրամի իսպառ բացակայության պատճառով:

Զարզանդ ԶԵՓՅՈՒՌՅԱՆ