Հայաստանից դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր եւ տարանցիկ ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունները բողոքի ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում:

Նրանք երկու խնդիր են առաջ քաշում, նախ հունիսի 1-ից դեպի Ռուսաստանն եւ հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները հայ վարորդների համար արգելվել է: Բացի այդ, վարորդները դժգոհ են ուղեւորափոխադրումների համար անցկացվող մրցույթների ընթացակարգերից եւ պահանջում էին օրենսդրական փոփոխությամբ վերադառնալ նախկին՝ լիցենզավորման համակարգին եւ դրանով հավասար պայմաններ ստեղծել բոլոր փոխադրողների համար։

Անդրադառնալով հունիսի մեկից դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների արգելքին՝ տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանն ասել է, որ աշխատում են, բանակցություններ են վարում ժամկետները երկարաձգելու ուղղությամբ:

«Մենք ասում ենք՝ էլի պատրաստ ենք այդ վճարումներն անել, թույլ տվեք աշխատել սպիտակ դաշտում: Մենք էլի վճարումներն անում ենք, բայց, ստացվում է, որ անօրինական ենք աշխատում: Մինչև հիմա ոչ մեկին հաշվի չեն առել, օրենքները գրել են այնպես, ինչպես իրենց է հարմար: Դրա համար մենք առաջարկում ենք քննարկել մեզ հետ, լսել մեզ»,- ասաց ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկի տնօրեն Արտակ Կնյազյանը: