ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ մասնակցել է «Սայնա Արմենիա» ընկերության կոմպոզիտային բալոնների գործարանի բացման արարողությանը: Ընկերությունը բազմաթիվ խոչընդոտներ է հաղթահարել, բայց ինչպես տնօրեն ու բաժնետեր Արայիկ Ասրյանն է փաստում, դրանք կապված չէին քաղաքականության եւ դրան հաջորդող հետեւանքների հետ.
-Այստեղ բերում ենք սարքավորումներ, որոնք չկան ոչ Հայաստանում, ոչ տարածաշրջանում: Մաքսային մարմիններում դրանց նույնականացումը շատ դժվար էր եւ ժամանակ էր պահանջում: Մաքսային մարմինները գիշեր-ցերեկ մեզ հավասար աշխատել են, որ այսօր կարողանանք արդյունքի հասնել:

Գործարանում այժմ 4 հոսքագծի փոխարեն աշխատում է մեկը: Մեկ հերթափոխը կարող է արտադրել 100 բալոն, հոսքագծերն ավելացնելու դեպքում արտադրության ծավալները մեկ օրվա ընթացքում կհասնի 800-ի: Առաջիկայում մեծ թողունակությամբ նոր սարքավորումներ կտեղադրվեն, չորացման, փաթաթման գործընթացներ կապահովվեն: Սա չորրորդ կարգի կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարան է, աշխարհի մակարդակով 4-րդն է՝ Գերմանիայից, ԱՄՆ-ից ու Իրանից հետո: Նախատեսվում է եւս մեկը կառուցել ՌԴ-ի Ուլյանովսկ քաղաքում, որն ամենեւին չի վնասի Հայաստանի արտադրանքն իրացնելուն: Մենք կարտահանենք ՌԴ հարավ, Ղազախստան, Բելոռուսիա, Սաուդյան Արաբիա, եւրոպական երկրներ:

-Եթե ՀՀ քաղաքացին կարողանում է իտալական գազաբալոն գնել համարելով գոյություն ունեցողներից ամենանվտանգը եւ մատչելին, մեր գազաբալոնը հաստատ կարող են օգտագործել: Ի տարբերություն առաջինից-երրորդ կարգերի, որոնք մետաղական են եւ պայթյունի դեպքում վնաս են պատճառում, այս սերնդի բալոնները պլաստիկ են, միայն գլխի մասն է դյուրալյումինե եւ ամենապահով բալոններն են, որոնք կարելի է կիրառել ավտոմեքենաների, նավերի, գնացքների, ինքաթիռների, անգամ ջրասուզակների եւ բժշկական թթվածնային բալոնների համար:

Արտադրության տնօրենը խոստանում է գինը Հայաստանի շուկայում մատչելի դարձնել: Համեմատում է՝ միջազգային գներով նոր արտադրության գազաբալոնը ՀՀ-ում 5 դոլար է, Եւրոպայում վաճառվում է 10 դոլարով: Ինքնարժեքը կախված է հումքի գնից՝ սեւ կարբոնե մանրաթելի գինը բորսայում անընդհատ տատանվում է, մոտավորապես 100 դոլար. «Եթե դյուրալյումինը մենք կարող ենք ՀՀ-ում պատվիրել «Արմինալին», մնացածը ածխածնային հումքի վրա արտադրված նյութեր են եւ առայժմ ամբողջ հումքը ներկրվում է»:

Ընկերության տնօրենն ասում է, որ ծրագրերը շատ են՝ նախնական պայմանավորվածություն կա ավտոմեքենայի արտադրություն կազմակերպելու համար: Եթե ամեն ինչ ըստ պայմանավորվածության լինի, մարտ ամսից հայկական մեքենաները կտեսնենք շուկայում : Մեքենաները կաշխատեն բենզին-գազ համակցությամբ: Առայժմ գինը ճշտվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, որպեսզի որքան հնարավոր է մատչելի դարձնեն եւ հին մեքենաների ներմուծման փոխարեն գնեն հայրենական արտադրության 10 տիպի 5 նոր անուններով ավտոմատ եւ մեխանիկական մեքենաներ:

Այս պահին գործարանում աշխատում են տարբեր ազգի ներկայացուցիչներ: Իրանի խումբը մոնտաժել է առաջին հոսքը: Տոնական օրերից հետո ընտրված մասնակիցները կվերապատրաստվեն Իրանում եւ կանցնեն աշխատանքի: 15 աշխատող կա, բայց ամեն նոր սարքավորում ձեռք բերելուց հետո այդ թիվը մեծանալու է՝ հասնելով 120-ի: Աշխատավարձը գործավարձային է՝ միջինը 150 հազար դրամ: Կազմակերպությունն ինժիներ-էլեկտրոնշիկի կարիք ունի.
-Նախապես որոշվել էր «Ագրոհոլդինգ» հիմնել, քանի որ այս ծրագիրը նախատեսված էր ՌԴ-ի համար. քանի որ ես հայ եմ եւ անձնական կապեր ունեմ, խնդրանքս չմերժվեց, եւ այս ահռելի ծրագիրն Հայաստան եկավ: Երկրորդ ծրագրով մենք նախատեսում ենք կարբոնե մանրաթելի գործարանի հիմք դնել՝ պարզ ասած քիմգործարան, որի համար շատ մեծ տարածք է անհրաժեշտ: Գործարանի համար կներդրվի 60-80 միլիոն եվրո եւ ամբողջ հոլդինգում 2000 մարդ կաշխատի:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ