Ինչպես արդեն հայտնի է, դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնելու է ՌԴ, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Քննարկումների հիմնական թեման լինելու է գազի սակագինը: Նկատենք, որ 2013 թվականից հենց ռուսական կողմն է որոշում, թե ՀՀ սպառողին մատակարարվող գազի սակագինը ինչպես պետք է հաշվարկվի: Համաձայնագրերում նաեւ հետաքրքիր մեկ նախապայման կա, որ, օրինակ, ՀՀ մատակարարվող գազի սակագինը կապվում է ՌԴ Օրենբուրգի մարզին մատակարարվող գազի սակագնի հետ: Ամռանն այնտեղ գազի սակագինը բարձրացել է։ Բնական է, որ այստեղ էլ մտավախություն կա, որ նույնը կարող է լինել ՀՀ-ին մատակարարվելիք գազի դեպքում:

Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը մամուլին հայտնել է, որ ՌԴ-ն գազի սակագնի շուրջ բանակցություններ է անցկացնում ե՛ւ ՀՀ-ի, ե՛ւ Բելառուսի հետ. «Եվ կարող եմ ասել, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններն ընթանում են զուգահեռ, եւ այստեղ Բելառուսն ու Հայաստանը գնում են նույն ճանապարհով եւ փորձում են հասնել գազի սակագնի նվազման»:

Տեսնենք, թե ինչ կորոշվի այդ հարցի վերաբերյալ Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում և արդյո՞ք հենց դա է առաջնային պատճառը նրանց հանդիպման։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ