Պոլիկնիլիկաների աշխատողների աշխատավարձերի բարձրացումը, ըստ էության, շղթայական պրոցես է՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ նախկինում ունեինք հետևյալ պատկերը՝ մի քանի խոշոր բժշկական կենտրոններն ամբողջ առողջապահական ծառայությունները վերցնում էին իրենց վրա և, ըստ էության, ունեինք դե ֆակտո մոնոպոլիաներ և ավերակների վերածվող պոլիկնիլիկաներ։

Նիկոլ Փաշինյանը նշում է, որ նոր մոտեցումներով շատ արագ փոփոխությունների չենք հասնի, բայց այս քաղաքականության արդյունքում կձևավորվի պոլիկնիլիկաների աշխատանքի ավելի բարձր որակի որոշակի պահանջ, աշխատավարձերի բարձրացումով կապահովվի բարձրորակ կադրերի կողմից պոլիկնիլիկաներում աշխատելու հետաքրքրություն և սրանով հնարավորություն կտրվի քաղաքացիներին հսկայական գումարներ խնայել։

Երբ մարդիկ ստիպված են գնալ հիվանդանոց, այլ ոչ թե պոլիկնիլիկա, դա ենթադրում է հավելյալ մեծ ծախսեր, իսկ աշխատավարձերի բարձրացումով պոլիկնիլիկաները դառնում են պահանջված, միաժամանակ խնայվում են քաղաքացիների ծախսերը։

Փաշինյանն ընդգծում է․ «Եթե մենք այս քաղաքական նպատակն իրագործում ենք, ապա մենք մարդուն չենք ստիպում, որ ամեն անգամ գլխացավից դուրս մի բան ունենալու ժամանակ, ենթադրենք, Լոռու կամ Տավուշի մարզից գալ Երևան։ Այդ ճանապարհածախսը, կեցության ծախսը, հիվանդանոց մտնելու , երկու, երեք բժշկի կամ երկու, երեք հետազոտություն անելու ծախսը, ըստ էության, մենք խնայում ենք։ Եվ սրանով էական բարելավում ենք մտցնում»։

Փաշինյանը հավելում է, որ այսօր մենք բժշկական տեխնիկայի օգնություն ենք ստանում և այդ տեխնիկայի ճիշտ, արդարացի բաշխման արդյունքում հնարավոր կլինի պոլիկնիլիկական սպասարկման մակարդակը բարձրացնել։

Նոր մեթոդների կիրառման արդյունքում հիվանդությունը բուժելու քաղաքականությունը փոխարինվում է հիվանդությունները կանխարգելելու քաղաքականությամբ։