Ես ու Համեստս երեկ դահուկ գնեցինք: Խնայողության նպատակով ձեռք բերեցինք աշակերտական, ինձ համար` դարչնագույն, տիկին Բեկ-Մրրիկյանիս համար` վարդագույն դահուկներ և սպասում ենք, որ ձյուն գա, ձմեռն առհասարակ ձյունառատ լինի, և որ դահուկները չմնան գրապահարանի կողքին:

Ընդհանուր տեղեկատվության առումով ասեմ, որ տիկին Բեկ-Մրրիկյանս աշխատում է Կարապի լճում, որպես կարգադրիչ-մաքրուհի: Ես նրան տնից աշխատավայր, աշխատավայրից էլ տուն եմ ուղեկցում, ճանապարհին էլ նոր հոդվածի համար նյութ եմ ժողովում: Եթե այս ձմեռը ձյունառատ չլինի, ապա, մեծարգո քաղաքապետ, կօգտվենք հեծանիվից: Բարեբախտաբար մեր միակ թոռ Թորոսիկը բոյ է քաշել և չի օգտվում իր եռանիվ նժույգից: Եռանիվը սանձելու եմ ես, տիկինս բազմելու է հեծանվին ագուցված անվակավոր բազկաթոռում, որն աշնան գլխին բնակարանից դուրս նետեց մի հպարտ քաղաքացի`քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ավագ տեսուչը:

Իհարկե կռահեցիք, որ ես ու օր-օրի գիրացող կողակցուհիս արդեն անկարող ենք օգտվել ուղևորատար տրանսպորտից, մասնավորապես թիվ 46 միկրոավտոբուսի ծառայությունից: Բոլոր գիտեն, որ օրն ի բուն գերբեռնված այս գծի տերը ոչ վաղ անցյալի նույնքան ոչ անհայտ Գալուստ Ոսկեբերանն է` Գալուստ Սահակյանը,Արման Սահակյանի հայրը: Երբ նա դեռ նոր էր հայտնվել իշխանության (այսինքն` ՀՀՇԿ-ի) կցասայլակում, ուղենշեց թիվ 46 երթուղին: Գերշահութաբեր երթուղագիծը հասնում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հաղթահարելով Աջափնյակը, Կիևյան, Բաղրամյան փողոցները, Մաշտոցի պողոտան, քաղաքապետարանը, կրկեսը, վերնիսաժը:

20 տարվա ընթացքում Գալուստի ներկրած միկրոավտոբուսները խարխլվել են` վերածվելով ինչ-որ հեքիաթային ուժով դեռևս շարժվող մետաղի ջարդոնի: Երկու կանգառը մեկ անգամ, վարորդն իջնում է և ստիպում, որ ուղևորներն օգնեն մեքենայի դուռը բացել կամ փակել: Վարորդները պարտադիր անթրաշ են, ուղևորներիս, որպոս բացառիկ մտերմության նշան, դիմում են ‹‹դու››-ով, ռաբիզ երգեր են քոքում և բջջայինով անհամ շաղակրատում: Սակայն մենք մեր դժբախտության մեջ մասնակի դժբախտ կլինեինք, եթե այս վիճակում չլինեին մայրաքաղաքի գրեթե բոլոր միկրոավտոբուսները:

Նոր Հայաստանի մայրաքաղաքի նոր քաղաքապետ Հայկո Մարության ջան, մենք հրաշալի հասկանում ենք, որ քաղաքապետարանի նորաբողբոջ աշխատակազմի հետ դուք մոլորվել եք Երևանի տրանսպորտային սարդոստայնում և գլուխ չեք հանում եղած-չեղածից: Երևանը հայտնվել է ուղևորափոխադրական անբուժելի փորկապում և հերթական ձմռանը դրանից մայրաքաղաքայիններիս համար, հաստատ, տաք չի լինելու: Ամենասարսափելին սակայն այն է, որ չի երևում լույսը թունելի վերջում: Հոլանդական տրանսպորտային օպերատորի ի հայտ գալը` գնալով դառնում է ավելի ու ավելի ցնորական գաղափար, իսկ մետրոպոլիտենի նոր կայարաններ ունենալու միտքը Խորհրդային ժամանակների նկատմամբ կարոտն ավելի ու ավելի սաստկացնող հուշ:

***

Հարգելի կարգին Հայկո, ելքը այս է: Մայրաքաղաքի բնակիչներին պարբերաբար հորդորել, որ նրանք, ըստ ճաշակի և ցանկության որոշակի ժամանակ օգտվեն այլընտրանքային փոխադրամիջոցներից: Օրինակ` սայլից, կառքից, մանկասայլակից և այլնից` հետևելով Զարզանդ-Համեստ զույգիս նորամուծությանը: Անկասկած արժե Երևան ներկրել բավարար քանակով երիտասարդ ավանակներ, պատանի ջորիներ և դեռատի եզներ` սայլերն ու կառքերը շարժելու նպատակով:

Ի դեպ կարելի է տրանսպորտային վարկ ձեռք բերել և Նուբարաշեն վարչական շրջանի համամայրաքաղաքային աղբավայրում կառուցել սայլերի, կառքերի, ջորիների և եզների հավաքակայան-կայանտեղի:

Կարգին արգո Հայկո, քանի դեռ քաղաքի տրանսպորտային թնջուկը լուծված չէ, լավ կլինի, որ նաև օրինակ ծառայես ու քաղաքապետարան հասնես ջորի լծած սայլով:

Զարզանդ Զեփյուռյան

Համեստ Բեկ-Մրրիկյան