Պարո՛ն Փաշինյան, հավատացեք Ձեր ծանր ժամանակներն, ավա՜ղ, դեռ առջևում են: Քանզի դուք ծանր բեռ վերցրիք Ձեր ուսերին: Հանճարեղ ու հակասական ազգի մի բեռ վերցրիք Ձեզ վրա՝ առանց որևէ մեկին հարցնելու:

Կոնկրետ ինձ որ հարցնեիք, ես կասեի՝ գործ չունեք. տակից դուրս չեք գա:

Էնքա՜ն դժվար է լինելու, որ ես ակամայից, ավանսով, Ձեզ հարգում եմ Ձեր վաղը գործադրելիք անմարդկային ջանքերի համար: Բայց մի բան հիշե՛ք. քանի անում եք այն, ինչ մարդիկ էին ուզում վաղուց, Դուք էդ մարդկանց գլխին տեղ ունեք, սակայն շա՜տ զգույշ եղեք: Քանզի մի միլիմետր էդ ընտրած ուղուց շեղվեցիք, մարդիկ անմիջապես մի կիլոմետր Ձեզնի՛ց կհեռանան:

Շա՜տ զգույշ եղեք: Ոսկերի՛չ եղեք: Քանզի Ոսկու հետ գործ ունեք, պարո՜ն Նիկոլ Փաշինյան: Հա՛, Ոսկի է մեր ու Ձեր ընդհանուր ազգն, ու էդ մասին արար աշխարհը գիտի: Բայց մեր ագրեսիվ չուգուն տականքի՝ ջրի երես ելնելու ու իրե՛ն որպես մեր ազգ ներկայացնելու պատճառով մենք շատ բան, մենք ահագին հեղինակություն երկար տարիներ կորցրեցինք ու շատ հետամնաց ցեղերի դասը էդ աշխարհի կողմից հանիրավի դասվեցինք: Ձեր առաքելության գլխավոր բաղկացուցիչն այդ թյուր կարծիքը ոչնչացնելն է: Աշխարհը պիտի հասկանա, որ մերը չուգունը չէ, մերը Ոսկին է. մենք ու մեր Հայոց Դատը իրավունք ունենք գոյատևելու, քանզի մենք քաղաքակիրթ ազգ ենք, շա՜տ հին ազգ, էս աշխարհի խիղճ վաղուց կարգված ազգ…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ