Մեզանում ձկնատեսակների պաշարները շարունակում են նվազել, իսկ համապատասխան քայլեր չձեռնարկելու պարագայում կարող է վտանգվել նաև ձվադրման շրջանը՝ այսօր կայացած մամուլիս ասուլիսում տագնապ է հնչեցրել Ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Նա մտահոգիչ է համարել խեցգետնի պաշարների նվազումը և գտնում է, որ ստեղծված իրավիճակում հանձնարարելի է 350 տոննայից ոչ ավելի որսը: «Ինչ վերաբերում է կարասին, դրա պաշարները շարունակում են ընկնել, և մեր գնահատականով մոտավորապես 35-40 տոննայի են դրանք հասնում: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ թույլատրում ենք կարասի անսահմանափակ որս, քանի որ մենք նրան Սևանի համար համարում ենք ներմուծված ոչ ցանկալի ձկնատեսակ», -ասել է նա:

Այլ ձկնատեսակների համեմատությամբ, նշել է նա, ավելացել են սիգի պաշարները, սակայն ձվադրման շրջանում դրանց որսը կարող է անդառնալի հետևանքների բերել. «Թեկուզ որ սիգի պաշարներն ավելացել են, բայց, ինչպես տեսնում ենք, այսօր ձվադրման շրջան է հանդիսանում սիգի համար, բայց բացահայտ ու անարգել ամենուրեք վաճառվում են ոչ միայն այդ ձվադրող վտառի ներկայացուցիչների ձկները, այլ նաև ձկնկիթը ու շատ զարմանալի է, որ որևէ արգելող գործողություն չի իրականացվում: Եթե մենք այսօր չենք պաշտպանում այս նախաձվադրային վտառը, ապա մենք վաղը չենք ունենա ձվադրող վտառ, քանի որ այդ նույն ձկները գնալու են հունվար ամսին ձվադրելու: Մենք այսօր մեկ ձուկ որսալով՝ կորցնում ենք հազարավոր ձկներ»:

Ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տտնօրենի համոզմամբ` սիգը Սևանա լճի ու հայ ժողովրդի համար ռազմավարական նշանակություն ունի, և պետք է լճում ամեն վայրկյան պահպանել գոնե ձկնատեսակի անհրաժեշտ պաշարը: