Գերմանիայի Էռլանգեն քաղաքում տեղի է ունեցել խաչքարի օծման արարողություն։ Ի հիշատակ Էռլանգենի քաղաքային խորհրդի և Բավարիայի խորհրդարանի անդամ Վոլֆգանգ Ֆոգելի՝ բակում տեղադրվեց խաչքարը։

«Այս խաչքարը պարոն Ֆոգելի հիշատակն անմահացնող, շնորհակալության յուրահատուկ դրսևորում է և պատրաստվել է այն երկրում, որտեղ նա իր անգնահատելի ծառայությունն է բերել», -ասել է Հայր Սերովբեն՝ ընդգծելով, որ խաչքարերը հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ինքնության անբաժան մասն են, իսկ խաչը՝ մահվան և չարի հանդեպ հաղթանակը:

Նկատենք, որ խաչքարի հեղինակն Անատոլի Ավետիսյանն է: Այն պատրաստվել է «Օգնություն Հայաստանին. Էռլանգեն-Հյոխշտատ» միության աջակիցների նախաձեռնությամբ: 2010 թվականից գործող այս միությունը հումանիտար օգնություն է տրամադրում Հայաստանում կարիքավոր ընտանիքներին, օժանդակում երիտասարդների կրթության և վերապատրաստման, ինչպես նաև 1988թ. երկրաշարժից հետո վերակառուցման գործին: Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ