Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարն ավարտվեց, բավական թեժ մթնոլորտում նախագահ ընտրվեց Սուրեն Սաֆարյանը: Նա ստացավ 193 ձայն: Նախագահի թեկնածուներն էին` Կարեն Աղամյանը, Սուրեն Սաֆարյանը, Խաչիկ Աբրահամյանը և Հաղթանակ Շահումյանը, ով ի սկզբանե ինքնաբացարկ հայտարարեց: Նկատենք, որ ընտրությանը մասնակցել է 351 հոգի և նրանցից 60-ը ընտրել էին Խաչիկ Աբրահամյանին, իսկ 82-ը` Կարեն Աղամյանին:

Նշենք, որ համագումարի մեկնարկի հենց առաջին րոպեներից դահլիճում սուր մթնոլորտ էր տիրում. արվեստագետներից շատերը բարձրաձայնում էին իրենց բողոքն առ այն, որ համագումարը չպետք է ղեկավարի Կարեն Աղամյանը։ Նրանք կոչ էին անում շարժվել հստակ օրակարգով և ցանկացած հարց դնել քվեարկության, սկզբից ընտրել ժողովն անցկացնող նախագահ ու քարտուղար, և որ հետո նոր նախագահը համագումարը վարի ըստ օրակարգի։ Պահանջում էին նաեւ վերստուգիչ հանձնաժողով ընտրվի: «Դու քո միսիան ավարտել ես։ Քո զեկուցումն ո՞ւմ ա պետք», -տեղից բղավում էին արվեստագետներից շատերը։

Իսկ դժգոհություններն առ Կարեն Աղամյան սկսվել էին դեռ այս տարվա հունիս ամսից, երբ միության մի խումբ երիտասարդ նկարիչներ պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում` պահանջելով նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը: Նրանք նշում էին, որ նախագահ ընտրելու համար, ըստ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի, Աղամյանը դեռևս պետք է 2017 թվականին անցկացներ համագումար, սակայն չի արել: Նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանն էլ պնդում էր, որ ամեն անգամ ընտրություններին ավելի շատ ձայներ է ստացել: Նա փաստում էր, որ իրենց կանոնադրությամբ համագումարը պետք է լիներ 2018 թվականին: Ինքը կամ վարչությունն իրավասու չեն եղել որևէ փոփոխություն իրականացնել կանոնադրության մեջ: Իր ողջ պաշտոնավարման ընթացքում չորս անգամ կանոնադրություն է փոխվել:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ