Իմ մոգական լողազգեստն ու Մորոզովի ուրվականը
Կալանատնից վերադարձանք 5 կիլոգրամով նվազած: Այնուամենայնիվ հիշելի էին օրերը մեր: Թեև խստիվ արգելված էր և պատժվում էր առնվազն 1-օրյա հանգստով ձեզ արդեն ծանոթ թիվ 8 պատժախցում, այնուամենայնիվ մեր բանտախցում ծխում էինք ամեն օր և մնում էինք անպատիժ, չնայած որ յուրաքանչյուր խուց առաստաղի տակ պատուհան ուներ, որից գետնափոր խցերն էին զննում պահակազորի հերթապահ զինվորներն ու սպան: Միաժամանակ խցերի մետաղյա դռների վրա գտնվող կլոր անցքից, բացելով ցանկացած պահի, մեր նստակյաց կյանքն էին տեղազննում միջանցքի հերթապահ զինվորներն ու ենթասպաները:

Թե ինչ էին նրանք ակնկալում հայտնաբերել 10քմ մակերես զբաղեցնող խցում, ուր կար 1 քառակուսի սեղան, 4 աթոռակ, և 8.5 կալանավոր, կռահելն անհնար էր: Աշխատանքից վերադառնում էինք կալանատուն, մեզ ոտն ի գլուխ մերկացնում էին և ստուգում՝ չլինի հանկարծ ծխախոտ, հաշիշ, օղի կամ էլ սառը զենք հասցնեինք խուց:

Ընդ որում ստուգումը զարմանալիորեն մանրազննին էր: Ստուգում էին բերաններիս խոռոչները, ականջներիս ներսույթը, տեղազննում էին եղունգներս, թափ էին տալիս զինվորական համազգեստը: Միակ անխոցելի կղզյակը կիսավարտիքներն էին: Ես պճնված էի ամերիկյան արտադրության լողավարտիքով, որը և դրսից և ներսից գրպանիկներ ուներ: Սրտային գրպանիկը բնականաբար ենթարկվում էր ստուգիչ-գրոհի: Ներքնագրպանիկի մասին տեղեկություններ չկային: Դե ում մտքով կանցնի, որ հայ ժողովրդի հետին զավակիս լողավարտիքի դարձերեսում գրպանիկ կա:

Ես Կայազորի բազայում գրպանիկը բերնեբերան լցնում էի սիգարետի քնթուկներով և լուցկու հատիկներով: Ի՜նչ երանությամբ էինք խցում ծխում: Ծուխն ու մեր լկտի ժպիտները տեսնելով՝ հսկիչ սպան, ենթասպաներն ու զինվորները ներխուժում էին բանտախուց: Դա ժամանակ էր խլում, առնվազն մի 30 վայրկյան: 25 վայրկյանում հասցնում էինք քնթուկների կրակը մարել և դրանք պահեստավորել հայտնի գրպանիկում:

Ընթերցողի երևակայությանն եմ թողնում պատկերացել, թե յուրաքանչյուր անգամ, երբ ծխով լցված բանտախցում չէին գտնում ծխի հարուցիչները՝ այսինքն՝ ծխախոտի մնացորդ և լուցկի, հսկիչների դեմքերն ինչ արտահայտություն էին ստանում: Ես հիշում եմ՝ դա անզոր կատաղության և կիսաապուշ զարմանքի միահյուսվածք էր:

Պատժախցի տառապյալը
Թիվ 8 պատժախուցը նոր բնակիչ ուներ: Սևահեր ռուս տղա էր, Մոսկվայի գիտնական ընտանիքի զավակ՝ տոհմիկ հուսարական դեմքով: Կալանավորվել էր մի անհեթեթ արկածի պատճառով: Նրա զորացրումը նշող զինընկերները, ինչպես միշտ չհերիքող օղին հայթայթել էին մոտակա գյուղի ‹‹Սելմագ››-ի պահեստի դուռը սռնիներից տեղահանելով, 2 շիշ օղին վերցնելով, գումարը արկղի վրա թողնելով և մոտակա լքված հավանոցում քեֆը շարունակելով:

Թարմ հետքերով առավոտյան նրանց հայտնաբերել էր գյուղի տեսուչ-միլիցիոները: Կատարվածի ողջ պատասխանատվությունը իր ուսերին էր առել օրվա մեղավորը՝ ակնհայտորեն հուսարական շառավիղ Մորոզով Ռոդիոնը: Վերջինիս կալանավորել և ի պահ էին հանձնել Կալանատանը: Կերուխումի կազմակերպիչները մոռացել էին պահեստի դուռը տեղադրել:

Օրավերջին, երբ վերադարձանք բազայից, Մորոզովին դեռ քլորաջրով անուշահամված խցից չէին հանել: Մի պահ դուրս բերեցին ընթրելու: Հասցրեցինք շշնջալ, որ 2 շիշ օղու համար հաստատ չեն նստացնի և թող այս խեղկատակությունը սրտին մոտ չնդունի: Ի պատասխան մի կերպ բացատրեց, որ վախենում է խայտառակությունից, քանի որ արդեն հեռագրել էին ծնողներին:

Կալանատանը կարճատև բարեկրթման հանձնված կայազորային դուրսպրծուկներիս շունչը առավոտյան տողանի ընթացքում հանկարծ կտրվեց՝ պատժախցից դուրս բերվեց ճեփ-ճերմակ գլխով մի գունատ արարած: Մորոզովն էր: Հոգեցնցումից մազերը ճերմակել էին:

Ֆիլեն ներկա էր տողանին, չէ որ հենց այդտեղ էին մեզ ներկայացնում նոր հյուրերին և կարդում էին Կալանատունը ժամկետն ավարտելու հանգամանքով պայմանավորված այն լքողների ազգանունները: Ֆիլեն, լավ եմ հիշում, Կալանատունն օրենքի պահանջներին հարիր լքողներին հրահանգում էր՝ ծառայության մնացորդը անցկացնել բանակային կանոնադրությանը հարիր և իսպառ մոռանալ Կալանատան ճանապարհը: Հետո սեղմում էր յուրաքանչյուր ազատագրյալ և արդեն լիարժեք հայրենիքի պաշտպանի ձեռքը, թփթփացնում էր ուսին և արտասանում իր ավանդական բարեմաղթանքը. ‹‹Սրիկայի մեկը, չմոռանաս, խնդրում եմ, որ Կալանատան դռները քո դեմ բաց են և ցերեկը, և գիշերը››:

Հասկանալի է, որ Ֆիլե պետը բարձրավոլտ գաղութապետ էր, սակայն Մորոզովին տեսնելով՝ նախ կապտեց, հետո կարմրեց և նմանվեց Կապչյոննուն:

Շարունակելի

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ