«Կոտրվածքների դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս վաղ առավոտյան գնալ հայկական ռեստորան և այնտեղ պատվիրել խաշ: Այն տաք դոնդողանյութ է», -ռուսական «Коммерсант Weekend» պարբերականի իր հոդվածներից մեկում գրել է Ալեքսեյ Զիմինը՝ անդրադառնալով հայկական խաշին և դրա օգտակարությանը: Հեղինակի փոխանցմամբ՝ տավարի և խոզի տոտիկները մեծ քանակությամբ սպիտակուցներ են պարունակում, որոնք օգտակար են առողջության համար:

Ապա նկարագրել է, թե երբ և ինչպես են ուտում հայկական ավանդական խաշը. այն պատրաստում են հիմնականում ձմռանը։ Խաշը մատուցվում է չոր լավաշով, սխտորով, կանաչեղենով և բողկով: Խաշը վաղ առավոտյան են ուտում, որպեսզի ամբողջ օրվա ընթացքում մարսեն: Խաշը շատ հագեցած է կալորիաներով, իսկ տարվա ցուրտ շրջանում օրգանիզմը հավելյալ էներգիայի պահանջ է ունենում: