«Եւևվա՜յ՝ էն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականները էս կոնտեքստում չեն կատարել: Այսինքն՝ մենք էսքան խոսում ենք, որ էս երկիրը կառավարվում ա «ԾԻԳիզմի»… տրամաբանությա՞մբ

Եւ էն պաշտոնյաները, որ պարզվի, որ հանձնարարականները չեն կատարել, էսօրվանից թող «վեշերը» հավաքեն, գնան իրանց գործին»…

Նիկոլ Փաշինյան

Ու այ ստեղ եսչհասկացա: Որ «վեշերը հավաքեն-գնան»` հասկացա, բայց որ «վեշերը հավաքեն, գնան իրանց գործին»՝ չհասկացա:

Միգուցե ուզում էր ասել՝ «իրանց գործի՞ց»…

Պարո՛ն Փաշինյան, դրանք՝ Ձեր կառավարության էդ ծույլիկ անդամները, Ձեր կառավարությունում չե՞ն աշխատում, ըտեղ ժամա՞նցն են իրանց անցկացնում, դրանց գործն ուրի՞շ տեղ է, որ ասում եք «էսօրվանից թող «վեշերը» հավաքեն, գնան իրանց գործին»…

Իսկ այն, որ «էս երկիրը կառավարվում ա «ԾԻԳիզմի»… տրամաբանությամբ», պարո՛ն Փաշինյան, անհարմար է, որ նոր եք իմանում ու հարցական նշան եք էդ «կառավարման» վրա դնում: Բա չգիտեի՞ք, որ էդ անհասկանալի ծրագրերի իրականացման «խորհրդավոր» գրասենյակները, որոնց երկրում «օֆիս» հավաքական «կլիչկով» են կոչում, վաղուց թքած ունեն էն նախարարության վրա, որի կազմում իբր իրենք գործում են ու որի գործունեությանն իբր իրենք նպաստում են: Իսկ էդ նախարարություններն էլ թուքն ամեն անգամ իրանց էրեսից սրբում, ասում են. «Անուշ անձրև է գալիս»:

Ո՜նց ինչո՛ւ: Ախր իրանք դրանց հաշվին են ապրում, դրանց շնորհիվ է, որ լա՛վ են ապրում: Դրանք չըլնեն՝ իրանք էդ նախարարությունում մնում են, ի՞նչ անեն: Իրանց շա՜տ է պետք, որ ասենք էսինչ ոլորտում էսինչ դեբիլությունը կատարելագործելուն ու էդ դեբիլությունը կատարելագործվա՛ծ դեբիլություն դարձնելուն ուղղված էսինչ վարկային ծրագիրը միայն քամի է էսքան տարի սադրում, ունայնությա՛ն քամի:

Ավելի՜ն ասեմ: Էդ ծրագիրը իրականացնող ու էդ ծրագրի փողը տվող «իմպըրտնի» կազմակերպություններն է՜լ էդ մասին գիտեն, բայց իրանց էլ արդեն ոչ թե շա՜տ պետքն է, այլ իրենց էդ բանը շա՜տ է պետք, քանզի իրենք էդպես վերահսկողություն են սահմանում մեր էդ ոլորտի վրա, որ ոչ թե էդ ոլորտը զարգացնեն, այլ չթողնեն հանկարծ զարգանա, իրանց գլխին հանկարծ «կոնկուրենտ» չդառնա:

Է՜լ ավելին ասեմ, դրանց տված փողն էլ գիտե՞ք արդյոք, վարչապետի պարո՛ն պաշտոնակատար, որ ո՛չ նվեր է, ո՛չ էլ շաբաշ է. էդ տված փողը տոկոսով վարկ է, որը մեր երկիրը դեռ պիտի փակի:

Բա ո՞նց, մի քանի հոգու բողազի «դիալեկտիկայի» խաթեր կառավարածդ հպա՜րտ քաղաքացիները վաղը պտի դրանց կերած էդ վարկը «աղքա՜տ-հպա՜րտ» փակեն: Էնպես որ, մյուս կողմից էլ, էդ չինովնիկները հե՜չ մեղավոր չեն. իրանց փող են տալիս, իրանք էլ ուղղակի էդ փողից չեն հրաժարվում, դնում-ուտում են:

Ուզո՞ւմ եք էդ «ԾԻԳիզմի» դեմն առնել, պարոն Փաշինյան, ԾԻԳերի ու իրանց ծրագրերի՛ դեմը դրեք-առե՛ք: Դրանց տված վարկը մկան թակարդում դրած պանիր է: Պանրի վրա մի հատ սիրո՜ւն սանկցիա դրեք, մկները սիրո՜ւն, ոնց որ դուք ասիք, «կգնան իրանց գործին»:

«Վեշերը կհավաքե՛ն, կգնան իրանց գործին»:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ