վարչապետ Նիկոլը Փաշինյան

Խորհրդարանը՝ Նաիրյան

ՄԻՊ-ը՝ Թաթոյան

ՀՀ հպարտ, անպարտ, սակայն

ցնցակաթվածահարված երկրի

ցնցված քաղաքացի Վրեժ Առաքելյանից

Հարգարժան տիարք և տիկնայք, 30-ը նոյեմբերի 2018 թվագրությամբ ու ‹‹Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնին›› վերտառությամբ Ձեզ հայտնի նամակ-ուղերձս քանի որ մնաց ձայն բարբառոյ, հարկադրաբար փոխադրվեցի մի գաղտնի կեցավայր՝ լքյալ մի խլյակ, որ գտնվում է Արշակունյաց պողոտայի նրբանցքում: Ձախից երկրապահ կամավորականների դղյակ-նստավայրն է, աջից՝ Կոմիտասի անվան պանթեոնը: Հույս ունեի, որ հրավառություններ այստեղ չկան, զի մի կողմից թաղամասը պաշտպանված է զորական ուժով, մյուս կողմից հոգևոր-մշակութային վերնաշենքն է՝ պայթյուններ չհանդուրժող:

Ավաղ, մութն ընկնելուն պես կեցավայրս երերաց,պատերի ճեղքերից դուրս թռան զանազան զեռուններ,տանիքը մի կերպ դիմակայեց և չփլվեց գլխիսԵրկրապահ կամավորականների բակից և ‹‹Կոմիտասի›› անվան պանթեոնից հրավառություն էր հորդում, դրդում էր երկիրը, բոցավառվում էր երկինքը

Տիար Նիկոլ, արգո վարչապետ, երկրի հույս, ազգի ապավեն,

‹‹Սիրո և համերաշխության›› հեղափոխության ծրագրերը գրեթե անշեղորեն իրագործվում են, քրեաօլիգարխիկ համակարգը աստիճանաբար կազմաքանդվում է, ինչը հոգեզմայլ բերկրանք է պարգևում ՀՀ հպարտ քաղաքացու մարմնին և հոգուն: Ամենաէականը՝ ԱԺ-ի բաց դարպասները զմռսվեցին պետականաճարակ քրեաքաղաքական դավադրությունների ջատագովների՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի առջև, ինչի համար և արևշատությանդ կենացն եմ խմում իջևանյան բոցակեզ մրգօղիով:

Հայ հանրությունն ու համայն հայությունը սատարեց քեզ: Սա պատմության թելադրանքն էր: Սակայն չարագույն ուժերը շարունակում են բանադրել երկիրն ու նրա բնակչությանը, հրավառում են երկինքը՝ բռնաբարելով ժողովրդի առողջությունը, ոտան կոխան դարձնելով նրա արժանապատվությունը:

***

‹‹Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն››:

‹‹Իմ քայլը›› դաշինքի նախընտրական լոզունգներից

Հարգարժան տիարք ու տիկնայք երեսփոխաններ, երբ տարին բոլոր և ամենուր հանրային տականքը հրավառային դժոխքի է վերածում երկիրը ու դա խրախուսվում է իշխանության և կառավարության կողմից, մի՞թե դա անհատի երջանկության, հանրային հոգատարության և հզոր պետականության ցուցանիշ է:

Պաղատում եմ, որ վերոնշյալը պարզաբանեք:

Պարզաբանմանը թող որ միանա ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ իր մարդապաշտպան իրազեկ գնդով:

***

‹‹Հայաստանի քաղաքացին հաղթել է կոռումպացված համակարգին, Հայաստանի քաղաքային սկսում է Ազատ և Երջանիկ Հայաստանի կառուցումը››:

‹‹Իմ քայլը›› դաշինքի նախընտրական քարոզչաթերթիկի գլխավոր կարգախոսը:

Կարծես թե կռահում եմ, թե ովքեր են Ազատ և Երջանիկ Հայաստանի կառուցողները: (Կռահեցի՝ կեսգիշերն անց անթարթ նայելով կապտադեղին կիսալուսնին):

Նրանք են՝

հրագործական ապրանքների ներկրողները,արտադրողներն ու վաճառողները,օգտագործողներն ու նյարդաբույժները: Նյարդաբույժների մարդասիրական-օպերատիվ գործողությունները թռիչքաձև վեր են ճախրում, հատկապես նախաամանորյա օրերին, երբ որոտում են առաջին պայթուցիկները, և ձախողակ որոշ ռմբարկուներ, վնասելով ձեռքերի դաստակներն ու մատները, պարտադրված դիմում են բուժհաստատություններ:

Ազատ և Երջանիկ Հայաստանի քաղաքացի չեն՝ ներկա 1-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, զի նրա հոգեցունց կոչը երկրի հանրապետական խորհրդարանին և կառավարությանը կախվեց օդում և գարնանային կարկուտի պես շաղափում է մեր գլուխը, երեսն ու ականջը, ուսն ու ձեռքը:

Ցնցող էր տիար Արարատի ընդդիմադիր ճառը սույն փետրվարին, հանցագործ հանրապետական խորհրդարանում: Առաջարկում եմ վերստին ունկնդրենք այն ու ցնցվենք. ‹‹Հրավառությունները իսկական չարիքի են վերածվել մարդկանց համար: Մարդկանց իրավունքը խախտվում է, անդորրը՝ խաթարվում,մարդկանց երեխաները վեր են թռնում քնից, ինչ է թե մի հարևան որոշել է հրավառություն անի: Խնդիրը շատ մեծ է, իսկ լուծման առաջարկվող մեխանիզմը՝ անիմաստ: Խնդիրը եթե տանկ է, մեր ձեռքին ռագատկա է: Ժողովուրդ ջան, այս հրավառությունները պետք է կամ առհասարակ արգելել, կամ թողնել պետության մենաշնորհը՝ տոների ժամանակ››:

Բայց օ՜ երկինք և օ՜ֆ երկիր, ստանձելով 1-ին փոխվարչապետի պաշտոնը՝ ժողովրդին ‹‹ջանով›› դիմող տիար Արարատը ոչ միայն լուծման նոր մեխանիզմ չառաջարկեց, այն է՝ չզինվեց հակատանկային հրանոթով,այլև անտեսում է իրեն ուղղված մարտաշունչ աղերսագրերս՝ կանխելու հրավառությունների նյութերի և պայթուցիկ-ռումբերի ներկրումն ու արտադրությունը,վաճառքն ու գործածումը:

***

Արգո Նիկոլ, պատվարժան Փաշինյան, Դուք մի՞թե չեք լսում հրավառական դժոխքի ձայները, արդյո՞ք անտեղյակ եք, որ արդեն իսկ որոտում են նախաամանորյա պայթուցիկներն ու ռումբերը: Ի՞նչ եք կամենում ապացուցել հպարտ քաղաքացիներիս՝ գլխիվայր շրջելով սեփական հրովարտակը, որը հնչեց սույն հաղթական տարվա մայիսի 28-ին, Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին ձոնված տոնահանդեսի ժամանակ. ‹‹Այլևս ոչ ոք չի համարձակվի նվաստացնել ժողովրդին››:

Երկար մտորելուց, պատեպատ խփվելուց հետո կռահեցի նշյալ հրովարտակի իրական իմաստը. այն է՝ այլևս ոչ ոք չի համարձակվի նվաստացնել հրավառային և պայթուցիկա-ռումբային դժոխքի շահառուներին՝ ներկրողներին, արտադրողներին, վաճառողներին և գործածողներին: Զի Ձեզ համար, շատ կներեք ժողովուրդը նախ և առաջ հրավառային դժոխքի շահառուներն են:

Նաև՝ տիար Արարատ Միրզոյանի համար:

***

Մեկ շաբաթ առաջ նամակ-բողոք-ցասումնագիրս ի տնօրինում է հանձնվել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին: Միաժամանակ դիմում եմ ՀՀ առողջապահության նախարար հարգարժան Արսեն Թորոսյանին՝ հորդորելով վերստին բարձրացնել սույն խնդիրը և պահանջել արմատախիլ անել հրագործական արտադրանքի ներկրումն ու գործածումը ՀՀ ողջ տարածքում, օրվա բոլոր ժամերին, տոնական և այլ օրերին:

***

Առավոտ կանուխ նյարդաբուժական նշտարով սափրվեցի,սառը լոգանք ընդունեցի հարակից ջրհորդանի տակ և վերջապես գլխի ընկա՝ հրավառական և պայթուցիկային դաժան սանձարձակության աներևույթ հեղինակ-սեփականատերն է իշխում և հանրապետական և (հազար ներողություն համարձակությանս համար) քաղպայմանագրային Հայաստանում:

Միով բանիվ համաժողովրդական ճակատ բացենք և պայքարենք հպարտ քաղաքացիներիս առողջության պահպանման և արժանապատվության պաշտպանման համար:

Հարգելի ընթերցողներ և մամլո պատասխանատուներ՝ տարածեք այս հրապարակումը՝ այն անպատճառ համեմելով ձեր մեկնաբանություններով, լրացումներով և այլնով: