Կենդանաբանական այգում կրկին անկում է գրանցվել՝ այս մասին տեղեկանում ենք այգու ղեկավարության կողմից տարածված հայտարարությունից։

«Պատահարներն ու անցանկալի իրադարձությունները համառորեն չեն լքում մեզ վերջին շրջանում։ Թունավորման հետևանքով զեբրի անկման, մյուս կենդանիների անկման հետ կապված ցավալի դեպքերի՝ դեռևս իրավապահների կողմից չպարզված հանգամանքների ֆոնին այսօր առավոտյան դժբախտ դեպք է տեղի ունեցել նաև բեզոարյան այծերից մեկի հետ։ Վերջինս հայտնաբերվել է սատկած վիճակում։

Բեզոարյան այծի այս առանձնյակը երկուշաբթի օրը հայտնվել էր իր ազատավանդակից և Կենդանաբանական այգու սահմաններից դուրս, սակայն այգու աշխատակիցների ջանքերով նորից վերադարձել է այնտեղ։ Կենդանին այդ ազատավանդակում բնակվում էր 2013 թվականից՝ ծնվելու օրվանից։ Թե ինչն է դարձել պատճառ, որ կենդանին փախնի տարածքից, ինչպես նաև՝ կենդանու անկման պատճառը, հանգամանալից ուսումնասիրությունը կպարզի։

Փաստ է սակայն, որ վերջին շրջանում Այգու շուրջ ծավալված իրադարձությունները շարունակվում են, և անհնար է դրանցում չնկատել հետևողականություն և ցանկալիին հասնելու պայքար։ Պատահական չենք համարում, որ հերթական միջադեպը տեղի ունեցավ Այգու տնօրենի վերջին հարցազրույցից հետո, որը հրապարակվել է irates.am-ում։

Համոզված ենք, որ քանի դեռ իրավապահ մարմինները ամբողջ ուժով և ծավալով չեն զբաղվել վերջին շրջանում Կենդանաբանական այգում տեղի ունեցած իրադարձություններով և դրանց մեղավորները չեն պատժվել, այս իրավիճակը, ցավոք, շարունակական է լինելու։ Ի դեպ այս դեպքը կրկին մատնացույց է անում Կենդանաբանական այգու տնօրինության բազմիցս բարձրացրած՝ Այգու ամբողջական տարածքի ցանկապատման խնդրի ակտուալությունը։

Կենդանաբանականում այժմ կա 12 բեզուարյան այծ, որոնցից երեքը այգում ծնվել են այս տարի»: