ԱԺ արտահերթ ընտրություններն անցան։ Ինչպես ասում են՝ մնաց մնացածը։ Եվ այդ մնացածի մեջ ամենակարևոր խնդիրներից մեկն էլ շարունակում է մնալ ինստիտուցիոնալ, կառուցողական ընդդիմություն ձևավորելու հարցը։ Շատերը դեռ շարունակում են պնդել այն համոզումը, որ նոր խորհրդարանում չկա այդպիսի ընդդիմություն։ Այստեղից ենթադրել կարելի է, որ հին իշխանությունը շատ էլ գոհ էր իր ընդդիմությունից։ Եվ իսկապես, թերևս կառուցողական ասելով շատերը հիշում են երբեմնի «Ելքին»։

Այսօր խորհրդարանում իշխանությունից բացի մնում է երկու ուժ՝ ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը»։ Վերջինս շատերը որակում են իբրև «գրպանային ընդդիմություն», իսկ ԲՀԿ-ի առաջնորդն արդեն հայտարարել է, որ աջակցելու են նոր կառավարությանը։

ՀՀԿ-ն էլ իր երազած ընդդիմությունը, ըստ ամենայնի, իր մեջ էր տեսնում։ Այն էլ տեսանք՝ ինչ եղավ, թեպետ դեռ խոշոր հարց է՝ լինելու դեպքում նրանք կառուցողակա՞ն էին լինելու, թե՞ պարզապես «խոսող բերան»։

Փաստն այն է, որ այս պահին մենք իսկապես ունենք նոր որակի ընդդիմության կարիք։ Իշխանությանը իսկական հակակշիռ է պետք։ Սա խնդիր է, որի լուծման դեպքում միայն կկարողանանք մաքրել ու առողջացնել քաղաքական դաշտը։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ