Միայն թե մի զարմացեք, թե այդ ինչպես, ինչ ճանապարհով է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ճողվածք ստացել: ‹‹Ինչպես››-ին անկարող ենք քիչ թե շատ բանական, բարոյական և բնական պատասխան տալ, իսկ ‹‹ինչ ճանապարհով››-ն ունի ‹‹Հայաստանի Հանրապետություն, ք Երևան, Հալաբյան 41ա››-‹‹ք. Երևան, Դավթաշեն 3 թղմ. 12շ 40›› գծագրումը: Ու քանի որ, ոչ մեր մեղքով, պատմությունն այս փոքր-ինչ երկար է, սակայն իր այդ երկարության մեջ՝ զավեշտաողբերգական, ուստի հանդարտության, նյարդերի խնայողության կոչ ենք անում՝ առաջարկելով ընդհանուր թուլանալու համար սուրճի հետ մի ըմպանակ կոնյակ խմել, հարմարավետ տեղավորվել բազկաթոռին ու ծանոթանալ ներքոնշյալ սյուրռեալիստական պատմությանը:

ՀՀ հպարտ քաղաքացի Մարտին Հուրիխանյանը հանրապետության ավտոճանապարհներին տևական ժամանակ կանոնավոր երթևեկության ուսուցողական դասեր տալուց հետո չգիտես ինչ սատանայի դրդմամբ այս ամառ մի աննշան ճանապարհատրանսպորտային խախտում կատարելու դժբախտություն է ունենում, որն անողորմ նշանառությամբ նշագրում է տեսախցիկը: Ոստիկանությունը խորը սաստկությամբ, բայցև, նկատենք, պատշաճորեն կայացնում է իր թիվ 1808236056 որոշումը, ըստ որի ՀՀ հպարտ, սակայն մի փոքր մտազբաղ քաղաքացի Մարտին Հուրիխանյանից հօգուտ պետբյուջեի պետք է բռնագանձվեր ամբողջ 1000 ՀՀ դրամ:

Գտնելով, որ, այս 1000 դրամը, որպես պատժաչափ, չի կարող հարկ եղած խորությամբ սասանել վերոհիշյալ քաղաքացու ֆինանսական կայացածությունը՝ ՀՀ արդարադատության ավագ լեյտենանտ Ժիրայր Փարսադանյանը, որպես կատարողական ծախս, որոշում է Մարտին Հուրիխանյանից բռնագանձել ևս 500 դրամ և հազար հինգ հարյուր դրամի չափով արգելանք դնել նրան պատկանող գույքի, դրամական միջոցների վրա, որ հանկարծ մտքով չանցնի անպատիժ հեռանալ երկրից:

ՀՀ հպարտ քաղաքացի Մարտին Հ.-ն վճարում է 1500+300 դրամը (բանկային գործառնության համար սահմանված այս գումարաչափը չգիտես ինչու ոչ մեկը չի նկատում ու հաշվի առնում մարդու ունեցած պարքն ինչից ինչի վերածվելու գործընթացում)՝ բյուջեի նկատմամբ իր սուրբ պարտքը կատարելով հանդերձ միաժամանակ իր գույքը (այն է՝ բնակարանը կնոջ օժիտ բերած կահ-կարասիով, ավտոմեքենան, չունեցած ամառանոցն ու մեր օրերում անցյալի մնացուկ դարձած ձեռքի ժամացույցը) ազատագրելով արգելանքից ու լիաթոք շունչ քաշում՝ չմոռանալով ախորժալից արտաշնչել: Նշյալ կենսաբանա-մշակութային գործընթացը կատարվել է հայոց նորագույն պատմության 2018-ի նոյեմբերի 21-ին:

***

Այսքանը լսելուց հետո եթե դուք կամենում եք հմայված թե հիասթափված լքել բազկաթոռը, դա ձեզ անել պարզապես խորհուրդ չէինք տա ու ահա թե ինչու: 2018-ի դեկտեմբերի 3-ին ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայություն հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Ժիրայր Փարսադանյանը ոստիկանության հետ սևեռուն ուշադրության տակ վերցնելով ք. Երևան, Դավթաշեն 3 թղմ. 12շ. 40 հասցեն ու դրանում բնակություն հաստատած տիար Մարտին Հ.-ին, գրություն է ուղարկում, որ նա հօգուտ ՀՀ պետբյուջեի պետք է այս անգամ էլ վճարի 2000 դրամ, քանզի չարամտորեն վերստին խախտել է կարգը և ՀՀ ճանապարհային ոստիկանության 2018-ի օգոստոսի 8-ի թիվ 1808427900 որոշմամբ կրկին տուգանվել է (տուգանքի գնագոյացման թվաբանությունը մանրամասնորեն չնշենք, միայն ասենք, որ նույն տեքստը լրացնելու իր տիտանական ջանքերը Ժ.Փ.-ն գնահատել է 1000 դրամ):

Այստեղ համեստորեն չնկատելով՝ նկատենք, որ մինչ այս ծանուցումները, շուրջ մեկուկես տարի, ՀՀ հպարտ քաղաքացի Մարտին Հ.-ի գոյության մասին ՀՀ քաջարի ոստիկանությունը, այն էլ այն հանցավոր իշխանության պայմաններում, չգիտես ինչու չի հիշել ու չի էլ փորձել խորանալ, թե դավադիր այդ ինչ մտադրության արդյունքում է նա այդ ժամանակաշրջանում իր մեքենան օրինապահորեն վարել ու ինչից դրդված է կտրուկ անցել վերոհիշյալ լկտի, երկրի օրինականության հիմքերը քայքայող ապօրինությունների կատարմանը:

Ոստիկանության այս անշրջահայացությունը թողնենք մի կողմ՝ ակնկալիքով, որ իր սխալն ուղղելու հնարավորություն կունենա քաղաքացի Մ.Հ.-ին առանձնակի թիրախավորելով ու անցնենք ՀԿԱԾ-ի կողմից նրա երկրորդ իրազեկմանը, որն իրենից բավական թմբլիկ ծրար է հիշեցնում:

Մարտին Հ.-ն, որպես ՀՀ քաղաքակիրթ, ամեն մի փաստաթղի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեցող քաղաքացի, ուշի-ուշով բացում է ծրարը, դարձյալ խորը շունչ է քաշում, սակայն արտաշնչելու հարցում հայտնվում է փակուղային իրավիճակում, զի իրեն հասցեագրված ծրարում հայտնաբերում է հետևյալ խստաբարո որոշումները՝

1. Երևան, Նոր Նորք, Ն Ստեփանյան փ. 10շ. 48

Մեժլում Լևոնի Երիցյանին

(Մեժլում Ե.-ն բռնագանձվում է 7500 դրամով),

2. Արարատի մարզ, Զանգակատուն, Պ. Սևակի փ.

Մելանյա Արտաշեսի Հասրաթյանին

(Մելանյա Հ.-ն բռնագանձվում է 7500 դրամով),

3. ք.Երևան, Աջափնյակ, Հալաբյան փ. 9/1 շ.91

Մելանյա Աշոտի Բրուտյանին

(Մելանյա Բ.-ն բռնագանձվում է 13500 դրամով),

4. Շիրակի մարզ, Ազատան, 1փ 157տ.

Մեխակ Յաշկայի Դավինյանին

(Մեխակ Յայշկայովիչը բռնագանձվում է 18000 դրամով):

Կամոքն ՀԿԱԾ ավագ լեյտենանտ Ժիրայր Փարսադյանի, վերոնշյալ բռնագանձումային որոշումները դրվել են Մարտին Հ.-ին հասցեագրված ծրարում ու ակնհայտորեն իրենց հիմքում ենթադրում են ոչ թե այդ քաղաքացիներին, այլ՝ նրանց ունեցվածքը բռնագանձելը. պարզապես մեր ավ. լեյտենանտը գրագիտության հետ խնդիրներ ունի, ինչի պառճառով է եղած թյուրիմացությունը:

Սակայն այստեղ շատ նուրբ մի իրավիճակ էլ է առաջանում, որը չի կարող չխոցել ու իրականում խոցել էլ է ՀՀ հպարտ քաղաքացի Մ.Հ.-ի ինքնասիրությունը, քանզի ՀԿԱԾ-ի թքած ունեցած ավագ լեյտենանտ Ժիրայր Փարսադյանի կամոք նույնականացվելով հնարավոր է որ շատ ավելի պատվարժան քաղաքացիներ Մեժլում Լևոնի Երիցյանի ու Մեխակ Յաշկայի Դավինյանի հետ՝ նա նույնականացվել է նաև Մելանյա Արտաշեսի Հասրաթյանի ու Մելանյա Աշոտի Բրուտյանի հետ, ովքեր, ինչպես գլխի եք ընկնում անուներից, միանգամայն այլ սեռի ներկայացուցիչներ են:

Սույն պատմության ինչպիսի հանգուցալուծում է տեսնում ՀՀ հպարտ քաղաքացի Մարտին Հ.-ն, ով այս կյանքի մահացու մեղքերից է համարում մարտնչող տգիտությունը: Նա տեսականորեն չի բացառում, որ իրենինից զատ կարող է իր վրա վերցնել բյուջեի նկատմամբ վերը հիշյալ քաղաքացիների պարտավորությունների կատարումը, եթե նրանց հպարտությունը դա թույլ կտա անել, սակայն կտրականապես դեմ է, որ բյուջեից մասհանվող գումարները աշխատավարձի տեսքով բաժին հանվեն ՀԿԱԾ-ում աշխատանքային գործունեություն ծավալող Ժիրիկ Փարսադյանին՝ գտնելով, որ գերկարևորության խնդիր է համակարգը նման թյուրիմացություններից, տարրական տառաճանաչության հետ խնդիրներ ունեցողներից բեռնաթափելը:

Կարճ ասած՝ ՀԿԱԾ-ն անհրաժեշտ է ազատել մասնագիտական ու մարդկային ճողվածք ունեցող Ժիրոներից՝ ուղարկելով հարկադիր վիրահատության: Վերոնշյալ պետականանպաստ, խիստ արդիական գործընթացը պետք է իրականացնի ՀՀ արդարատության նախարարը: Իսկ մինչ նրա վիրահատության գործընթացի կազմակերպումը, Ժիրայր Փ.-ին հարկ է ի ցույց է դնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքի տանիքին՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 4/ա հասցեում:

Զարզանդ ԶԵՓՅՈՒՌՅԱՆ

Համեստ ԲԵԿ-ՄՐՐԻԿՅԱՆ