Հետընտրական գիշերը բնականաբար հանգիստ չի եղել ընտրության մասնակից և ոչ մի ուժի համար: Արդյունքների ժամ-ժամ հրապարակումը նրանցից ոմանց մոտ ժամանակից շուտ շամպայնի շիշը գմփացնելու ցանկությունն է մի կերպ խեղդել, ոմանց մոտ էլ եղել է կոմայից մեռելայինի անցնելու տրամադրություն: Այս առումով հատկապես սուր են եղել Հայաստանի հանրապետական կուսակցությանն ու Հայ հեղափոխական դաշնակցությանը համակած տրամադրությունները:

Դաշնակցությանը կուսակցության դռան մոտ սպասելիք ուշացող ճերմակ ձիով թողնենք հանգիստ՝ զուտ մարդկայնորեն նրա հավաքած ձայների ցածր տոկոսն իսկապես աղետ է հստակ գաղափարախոսություն ու ձախողակ ղեկավարություն ունեցող այս քաղաքական ուժի ու նրա համակիրների համար, իսկ ահա բոլորովին այլ կարգի զգացողություններ են եղել հանրապետականում: Հետագա պայքարի ծավալման համար ստանալիք հրահանգի ցուցումներով ամբողջ գիշեր գրասենյակ են կանչվել ռեյտինգայինները: Քվեարկության արդյունքերի հետ համակերպվելու-չհամակերպվելու շուրջ կարծիքները կիսվել են: Չհամակերպվողների հիմնական փաստարկն եղել է «բեզ բոյ» չհանձնվելու աքլորականչ-մարտականչը, որ մոտավորապես չստացվի «Սասնա ծռեր» էպոսի պառավի պես՝ թե գյուղ վառեցին շորահոտ էլ չեկավ:

Հիշեցնենք, որ բողոքարկումները, եթե լինելու են, պետք է լինեն մեկ շաբաթվա ընթացքում, մինչեւ ԿԸՀ-ի կողմից վերջնական արդյունքների հրապարակումը, որը կլինի ամսի 16-ին։

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ