Այն, որ արդեն քանի ամիս է Հայաստանում կատարվող ամեն ինչ գտնվում է աշխարհի ուշադրության կենտրոնում, անհերքելի է։ Արտասահմանյան լրատվամիջոցներն իրար հետևից հոդվածներ են գրում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։ Անգամ օտար լրագրողներ ու բլոգերներ են այցելում այստեղ՝ «դեպքի վայրից» ռեպորտաժներ անելու։ Երեկ էլ շատ հայտնի լրատվամիջոցներ ուշի ուշով հետևել են ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքին։

BBC-ն, օրինակ, գրում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրությունների արդյունքում համոզիչ հաղթանակ է տարել և ամրապնդել իր իշխանությունը՝ հավաքելով ձայների ավելի քան 70%-ը: Միևնույն ժամանակ լրատվամիջոցն ընդգծում է ընտրություններին ցածր մասնակցությունը՝ 49%:

Associated Press լրատվական գործակալությունը նույնպես ներկայացնում է ընտրությունների նախնական արդյունքները և բացատրում, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնաց, որպեսզի վերահսկողություն հաստատի խորհրդարանում, որտեղ գերիշխող էին նրա քաղաքական ընդդիմադիրները:

Reuters լրատվական գործակալությունը շեշտում է, որ «Իմ քայլը» դաշինքը հեշտությամբ է հաղթել ընտրություններում: Լրատվամիջոցը նաև նշում է, որ երկու չափավոր ընդդիմադիր կուսակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը», հաղթահարել են 5% շեմը և տեղեր կզբաղեցնեն խորհրդարանում:

Euronews-ը նշել է, որ «վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ամրապնդեց իր դիրքեր , քանի որ իր գլխավորած քաղաքական դաշինքը հավաքել է ձայների մեծամասնությունը՝ 70%-ից ավելին»։

Հայաստանյան ընտրությունների իր անդրադարձում France24-ը մեջբերել է Ն․Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ընտություններից հետո նոր իշխանությունը իր ողջ ուժը կներդնի Հայաստանում ժողովրդավարության, տնտեսության զարգացման գործին:

Al Jazeera հեռուստաալիքի կայքը հիշեցրել է. «Փաշինյանի իշխանության գալուց հետո նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացվեցին աշխատանքից, որոշները ձերբակալվեցին: Վերաքննիչ դատարանն օրերս ձերբակալեց երկրի երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով: Իշխանափոխությունից հետո Փաշինյանը խոստացավ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում լուրջ փոփոխություններ չեն լինի»։

Ռուսական պարբերականներից ТАСС-ն իր անդրադարձում մեջբերել է Նիկոլ Փաշինյանի այն խոսքը, որ «սա հեղափոխության վերջնական հաղթանակը չէ, այլ միայն առաջին փուլն է: Հաջորդ փուլում անհրաժեշտ է տնտեսապես ուժեղ երկիր կառուցել»: Российская газета-ի դիտարկման անկյունը փոքր-ինչ այլ է եղել. «Հանրապետականները խայտառակ պարտություն կրեցին և խորհրդարանից դուրս մնացին: Փաշինյանի աղմկոտ հաղթանակը փաստում է, որ հանրությունը կպայքարի կոռուպցիայի դեմ և ճաղերի հետևում կթողնի նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչներին»:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները ներկայացրել են նաև հանրահայտ այլ լրատվամիջոցներ:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ

Նադեժդա ԴԱԼՅԱՆ