Դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի համոզմամբ անցել են ազատ և արդար։ Այս մասին վերջինս հայտարարել է «Ազատության» հետ զրույցում՝ հավելելով, որ հանձնաժողովն աշխատել է լիարժեք թափանցիկ՝ որևէ ժամկետի խախտում չի եղել, իսկ կատարված արդյունքի մասին իրենց գնահատականը պետք է արտահայտեն ընտրողները, քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։

Քվեարկության օրվա ընթացքում հանձնաժողովում աշխատել է Իրավիճակային վերլուծությունների կենտրոնը, որը ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր՝ դրանց մի մասը եղել են տեղեկատվություն ստանալու նպատակով, մի մասը պայմանավորված է եղել այս կամ այն տեղամասում կատարված որևէ հանգամանքով: Միաժամանակ ուսումնասիրվել են լրատվամիջոցների կողմից արձանագրված տարաբնույթ տեղեկությունները։ Բոլոր ստացված ահազանգերին փորձել են արձագանքել օպերատիվ կերպով։

Տիգրան Մուկուչյանը նշում է, որ եղել են դեպքեր, երբ անմիջական կապ է հաստատվել տեղամասային ընտրական հանձնաժողովների հետ, ճշտվել են բոլոր առաջացած խնդիրները, և տրվել են համապատասխան պարզաբանումներ։ Եթե առաջացել է անհրաժեշտություն, ձեռնարկվել են միջոցներ՝ կանխելու, բացառելու խախտումը։ Մուկուչյանը շեշտում է․«Գերնպատակը եղել է արագ արձագանքումը, որպեսզի բացառվի ընտրության ընթացքում որևէ իրավախախտում»։