Հալալ ընտրությունը մասնակցության այ հենց է՛ս մակարդակն ու է՛ս պատկերը պիտի ունենար: Բա ո՞նց: Ով բողոքում է, նա էն անհասկանալի գնացող-էկող «Գազելներին» է հաստատ կարոտել, ստեղ գրանցված, բայց նախորդ հազարամյակից ի վեր ստեղ ոտք չդրած «գասթրաբայթերներին» է հաստատ կարոտել, որ ստեղ եղածներից ակտիվ էին քվեարկում, և, վերջապես նա մեր ակտիվ քվեարկող անցավորներին է հաստատ կարոտել:

Հիշե՛ք. առաջին անգամ ոչ մեկին՝ ո՛չ զոռով, ո՛չ շառով ընտրության չեն բերել, ոչ մի մեռելի, ընտրության խաթեր «հարություն» չեն տվել, ոչ մի բացակայի «ներկա» չեն գրել… Փաստորեն, դուրս եկավ, որ այս ընտրության կազմակերպիչները, հանուն ճոխ մասնակցության պատկերի, իրական պատկերը արհեստականորեն չգունազարդեցին:

Այ եթե ա՜յլ պատկեր լիներ՝ ուռճացվա՛ծ, ես ինքս առաջինը կկասկածեի, թե ինչ-որ բան է փոխվել: Իսկ այսպես մարդու հավատ է գալիս:

Պարզվում է՝ վարչապետի պաշտոնակատարը տեղյակ է ու ասաց, որ երկրից բացակայողներ կան, իսկ նրանք, որ ելել, ելույթ են ունենում, պարզվեց, «անտեղյակ են» և ուստի էդ մասին ոչինչ չեն ասում. մի՞թե է՛ն աստիճանի սահմանափակ են, որ էդքան հասարակ բա՛նն ի վիճակի չեն գոնե մի կե՜րպ, գոնե մշուշո՜տ հասկանալու ու գիտակցելու, որ էդպես «բանից անտեղյակ» հավետ չմնան:

Ձեռներդ դրեք սրտների՛դ, ասե՛ք. որքան մարդ կա այսօր, որ ՀՀ քաղաքացի է, ընտրության իրավունքից զրկված չէ, սակայն ինքն, ավա՜ղ, վաղուց այստեղ չէ: Մի՞թե ուզում էիք, որ դրանց դարձյալ դնեին-«տելեպորտացնեին», գերբնական ձևով թվեր գրեին: Այն պատկերը, որ այսօր տեսաք, գերբնակա՛նը չէ, այլ բնակա՛նն է:

Ինչ վերաբերում է պարտվողներին, ապա ձեր պարտության համար հարմար պատրվա՛կ փնտրելիս չմոռանաք նաև ձեր պարտության բուն պատճա՛ռը փնտրել: Թեպետ ձեզ թողնենք, դուք էդպես էլ երբեք, ձեր էդ մթնած մտքով, պատճառն էդ չեք գտնի: Եւ ուստի, լավության կարգով, պատճառն էդ ձեզ ասեմ. ժողովուրդը ձեզնից հոգնել էր, ուստի ձեզ ոչ միայն մերժեց, այլև իր մերժելը բերե՜ց, հորով-մորով արեց: Ու թե նախորդ ընտրություններում էդ հորն ու մորը ողորմի էին տալիս, ապա հիմա, հայրն էլ, մայրն էլ սեղանի վերին գլխին, իրենց վաստակած կենացն են մարդիկ էս ձևով ասում:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ