Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատի Altibox Norway Chess գերհզոր մրցաշարի 5-րդ տուրում երեկ  Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Կողմերը խաղասկզբում շատ արագ փոխանակումներ կատարեցին եւ արագ անցան միջնախաղին: Այդ ընթացքում սեւերով հանդես եկող Լեւոն Արոնյանը դիրքային թեթեւակի առավելություն ստացավ: Ֆրանսիացի շախմատիստը զգալով այդ փոփոխությունը, սկսեց կրկնել քայլերը՝ փորձելով ոչ-ոքի ավարտել պարտիան: Լեւոն Արոնյանը ներքուստ համաձայնվեց մրցակցի հետ, եւ 25-րդ քայլից հետո կողմերը հաշտություն կնքեցին:  

Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 2,5 միավոր եւ պահպանեց կես միավորի առավելությունն ֆրանսիացի գրոսմայստերի հանդեպ: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որն այս տուրում ոչ-ոքի խաղաց նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ եւ իր միավորների քանակը հասցրեց 3,5-ին:

Այսօր նախատեսված 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, որը չնայած 1 միավոր ունի, սակայն դեռ պետք է անցկացնի երկու պարտիա: