Կայազորի բազայի ‹‹դեկամերոնը››

Կայազորի բազան հսկայական տարածք էր զբաղեցնում: Անհամար պահեստներում ամբարվում էին կայսրության անբավ բարիքները, տեղաբաշխվում էին պահեստներում ըստ նպատակի, հետո բեռնավտոներով հասնում էին զորամասեր: Իհարկե շինգումարտակներ և Գունդ էր ճանապարհ բռնում ոչ այն որակի սննդամթերք, որը նախատեսված էր դեսանտային կամ տանկային զորամասերի համար: Պաշտպանական համակարգի տեսաբանները հաշվի էին առել ամեն մանրուք, սննդի յուրաքանչյուր կալորիա:

***

Բազայում 4 զինվոր էինք և 2 ավտոմատավոր զինվոր-հսկիչ:Մեր գործը գնացքի վագոններն այս ու այն կողմ հրելն էր: Պետք է նշեմ, որ բավականին հաճելի զբաղմունք էր: Երկաթուղային ռելսերը այնքան ուղիղ էին և կոկված, որ մի երկու ջանադիր ու սահուն հպումով դանդաղ առաջ էին շարժվում: Դրանք կանգնեցնում էինք արգելակի միջոցով` ուղղակի տեղադրելով հսկա վագոնի առջևի անիվներից մեկի տակ:

Պահեստներում դատարկում էինք չորացած միրգ, ‹‹կիսելի›› տուփեր, կաթի և մսի պահածոներ և այլ խելքամաղ անող ուտեստ, ամենը պարփակված համապատասխան արկղերում և զմռսված: Մեզ՝ քաղցից ուժասպառ կալանավորներիս, գաստրոնոմիական արևահարման էին ենթարկում արկղերի անվանական նշումները և գունավոր պատկերները: Անհնար էր ճեղքել որևէ արկղ, կորզել առաջին պատահած տուփը և ընդմիջման ժամին վայելել կենսաբեր գողոնը: Ավտոմատավորներn աչալուրջ հսկում էին մեզ: Ընդհանուր առմամբ նրանք մեր պես ծառայողներ էին, ուղղակի գտնվում էին հակառակ բևեռում և պարտավոր էին լինել զգոն՝ թույլ չտալով մեզ անգամ հոտոտել ինչ-որ գայթակղիչ բեռ:

Ճաշը կալանավորներիս հասցնում էին արդեն սառած վիճակում: Անգամ մարտահրավերային քաղցն անկարող էր ստիպել ճաշակել զարհուրելի ապուրը: Ամենահետին խոզն անգամ նողկանքով շուռ կտար մռութը՝ հեռվից ապուրի հոտն առնելով: Որպես 2-րդ ճաշատեսակ սիրահոժար հրամցնում էին տապակած ձուկ: Միայն գլուխները և պոչերը: Բայց այս բարիքների առատության կողքին մենք բավարարվում էինք մեկ կտոր սև և կես կտոր սպիտակ հացով: Նաև կիսաքաղցր սառած թեյով:

***

Բազայի վարիչը զինվորական մայոր էր, սակայն բանվորական արտահագուստով էր շրջում: Գաղտնիքը շատ արագ բացվեց: Անշուք արտաքինով այդ միջահասակ սուբյեկտը հայտնվում էր պահեստի մոտ և հրահանգներ տալիս: Նրան, բնականաբար ուղարկում էինք գրողի ծոցը, հասկանալի է, պերճախոս հայհոյաշարով: Ստահակը չէր վիրավորվում, հետո անվրդով ներկայանում էր կայազորի բազայի պետ մայոր Խրոմովին:

Խրոմովի պահանջները հանելուկային էին: Ուղիղ 2 անգամի փոխարեն վագոնները 2.5 կամ 1.5 անգամ արագ բեռնաթափելը նրա աչքում համազոր էր նենգադուլի, ինչի մասին խոստանում էր հենց նույն ժամին իրազեկել կալանատան պետին: Ապուշային էր և մայորի 2-րդ պահանջը, ըստ որի պետք է անգամ ծոծրակով չզննեինք բազայում վխտացող աշխատակցուհիներին: Անկեղծ ասած՝ դրա սիրտը մենք չունեինք էլ: Հասկանալի հիմքերով մեր ցանկությունները բնավ էլ քնարական չէին:

Խրոմովի այս երկրորդի գաղտնիքը պարզվեց, երբ բեռնավորում էինք 4-րդ պահեստը: Պահեստապետուհին առանձնանում էր մյուսներից: Բավականին բաց անեկդոտներ էր պատմում: Եվ առաջինն ինքն էր ծիծաղում, ընդ որում խռխռաձայն ու երկար: Կալանավորներն ու պահակազորը հմայված ունկնդրում էին: Իսկ ինչու չհմայվեին. միջին գիրության և միջին տարիքի, գնչուհու դեմքով պահեսպաետուհին չեր ստիպում տքնաջան աշխատել՝ ապավինելով ռուսական հայտնի իմաստությանը. ‹‹Աշխատանքը գայլ չի, անտառ չի փախչի››:

Ես նրա հումորը չէի ընկալում և դա դաջված էր դեմքիս վրա: Իսկ երբ պահեստապետուհին անցավ բազայի անցյալի հետաքրքրաշարժ դեպքերին, որոնք կատարվել էին իրեն վստահված պահեստում, դուրս եկա ու կքանստեցի դարպասի տակ: Տիկնոջ պատմություններն արդեն համեմվում էին սեռական այլանդակ դրվագներով:Կքանստած հիշում էի Կիևյան փողոցի հռչակավոր սրճարանը, որտեղ պատրաստում էին Երևանի լավագույն լահմաջոն և ավազի մեջ եփվող թանձր սուրճը: Կիսաքուն էի, հիշում էի Կիևյանի աղջիկներին ու իմ ձախողված սիրահետումները, երբ, տասնութամյա երազկոտ ախմախս փորձում էր կապել Հայաստանի թեթև արդյունաբերության մինիստրի քարուղարուհուն:

Պահեստում կասկածելի լռություն էր:Դարապասը փակ էր, ինչ-որ հեռվից, հավանաբար պահեստի խորքից, փսփսոց ու ֆսֆսոց էր լսվում:Կռահեցի, որ տիկինը զինվորներին ներկայացնում էր կայազորի բազայի ռազմատեխնիկական գաղտնիքները: Օրվա վերջին դարպասը բացվեց,չորս կալանավորն ու երկու հսկիչները հերթով դուրս ելան, դեմքերին երանավետ ժպիտներ էին,մի փոքր շփոթված էին ու հոգնած: Թքած, ես լիարժեք հանգստացել էի: Ի դեպ՝ պահեստապետուհին մայոր Խրոմովի հարզատ կինն էր: Երեխաներ չունեին:

Շարունակելի

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ