30 տարի անց Գյումրին շարունակում է ապրել, աշխատել, արարել, ժպտալ՝ փորձելով քողարկել այն ցավը, որը վաղուց արդեն դրոշմված է գյումրեցիների սրտերում։ Երեկ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցն էր։ Գյումրեցիները կրկին վերապրեցին այդ աղետը, կորստի ցավը կրկին գլուխ էր բարձրացել։

Գյումրիում հայտնի ֆայտոնչի Սամվել Մուրադյանը, ում գրեթե բոլորը ճանաչում են, ով հայտնի ուստա Գրիշի թոռն է, արցունքն աչքերին հիշում է 1988 թվականը, երբ երկրաշարժի հետևանքով կորցրեց իր 11-ամյա աղջկան. «Երեկ տունը նստած հիշում էինք, թե էդ օրը մեր աղջիկը ինչխ ուրախ կեղնիր, ինչխ ժպտում էր, մենք էլ կնայինք իրան ու կուրախնայինք։ Մենք ինչ իմանայինք, որ ըդպես աղետ պտի եղներ»։

Նրա խոսքով՝ աղետից 30 տարի անց, ինչքան էլ իրենց մեջ մնում է այդ ցավը, բայց իրենք փորձում են միշտ բարի լինել իրար նկատմամբ, լավություն անել, աշխատել, ապրել։ Ասում է, երբ երկրաշարժից հետո իր ֆայտոնով դուրս էր գալիս փողոցներ, ոչ ոք չէր նստում ֆայտոնը, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում դրան, իսկ այսօր մարդիկ էլի սկսել են ժպտալ, երբեմն գալիս են իրենց տուն հյուր, որ կնունք-ծնունդ-հարսնիքի համար ֆայտոնի զակաս տան։

Գյումրին այսօր բազմաշերտ է ու բազմազան։ Գյումրիում դեռ կան մարդիկ, ովքեր ապրում են «դոմիկների» մեջ՝ անմխիթար ու անբարենպաստ պայմաններում։ Տիկին Գայանեն, ով մասնագիտությամբ երաժիշտ է, դառնությամբ է հիշում երկրաշարժի տարիները։ Ասում է՝ դրանից հետո ինքը գնաց երկրից, բայց մոր կարոտը ստիպեց կրկին հետ գալ ու, թեկուզ այսօր վատ պայմաններում ապրելով, գոնե լինել իր մոր կողքին։ Որդի ունի, ով ջութակահար է, ապրում է Հայաստանից դուրս։ Հիմա էլ խեղդվում է տղայի կարոտից։ Ասում է՝ թեկուզ ինքն այսօր «դոմիկում» է ապրում, բայց միշտ գլուխը բարձր է քայլում, որովհետև արժանապատիվ կյանքով է ապրել, ունի տաղանդավոր որդի։

Դոմիկների, քանդված տների, շենքերի ու 30 տարվա ցավի կողքին Գյումրին շարունակում է կանգուն մնալ։ Փողոցներով քայլելիս կարելի է զգալ Գյումրու արվեստի շունչը։ Սև բերդը դեկտեմբերի 7-ին մարդաշատ էր։ Բոլորը գալիս էին լսելու Մոցարտի «Ռեքվիեմը», որը կազմակերպվել էր երկրաշարժի զոհերի հիշատակին։ Այդ օրը մարդիկ առավոտից, թողած իրենց բոլոր գործերը, շտապում էին գերեզմաններ՝ ծաղիկներ դնելու իրենց հարազատների շիրիմներին։

Գյումրիում ապրող անապահով ընտանիքների երեխաների համար իր դռներն է բացել «Ընտանիք» կենտրոնը։ Այնտեղ երեխաները անվճար սովորում են նկարչություն, քանդակագործություն, հագուստի մոդելավորում ու շատ այլ բաներ, որոնք լցնում են այդ երեխաների առօրյան։ Նրանք ժպիտով են պատմում այդ կենտրոնի մասին, որն իրենց երկրորդ տունն է դարձել։

Գյումրիում կա նաև ներառական սրճարան, որը հնարավորություն է ստեղծել հաշմանդամություն ունեցող երեխաների, երիտասարդների ու նրանց ծնողների համար՝ աշխատելու և հասարակության մեջ ինտեգրվելու։ Միքայելը, ով ունի դաունի համախտանիշ, իրեն շատ լավ է զգում այդտեղ աշխատելով։ Նա հաճախորդների համար հաց ու բուլկեղեն է պատրաստում։ Սրճարանում ձեռք է բերել նաև ընկերներ։ Սրճարանի գանձապահ Դիանա Քոչարյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելը երբեմն ավելի հեշտ է, քան այլ մարդկանց։ Ասում է, որ երբ սրճարանը նոր էր բացվել, վախ կար, որ գուցե ոչ մի հաճախորդ չգա, բայց փաստորեն այդպես չեղավ։ Եվ հիմա այդ սրճարանը դարձել է ջերմ ու տաքուկ վայր գյումրեցիների համար։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ