ԵԱՏՄ երկրները հավանություն են տվել Հայաստանի նախաձեռնությանը

Դիլիջանում անցկացվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 29-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը՝ տեղեկացնում է կոմիտեի լրատվականը:

Ողջունելով մասնակիցներին՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը բարձր է գնահատել գործընկեր պետությունների մաքսային ծառայությունների համագործակցության խորացմանը և արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով, որ մաքսային ծառայությունները մեծ դեր ունեն ինտեգրացիոն գործընթացներում: Նրա դիտարկմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունն այն կառույցն է, որի շրջանակում մաքսային ծառայությունների միջև նախատեսվում է իրականացնել տեղեկատվության ամենօրյա փոխանակում և օպերատիվ հսկողություն:

Նիստի ընթացքում ստորագրվել է 30 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր ուղղություններին: ՊԵԿ նախագահի տեղեկացմամբ՝ Հայաստանը ներկայացրել է նոր նախաձեռնություն էլեկտրոնային փաստաթղթերի փոխադարձ ճանաչելիության մասին. «Մեր երկիրը հաշվարկային փաստաթղթերի ամբողջական անցում է կատարել էլեկտրոնայինին։ Մենք նախաձեռնությամբ հանդես ենք եկել հանձնաժողովում՝ առաջարկելով, որ նույնը լինի նաև ԵԱՏՄ միասնական հարթակում: Այն կտա արագություն, մոբիլություն, թափանցիկություն»: Նրա խոսքով` հարցը ներառվել է օրակարգում, և բոլոր երկրները հավանություն են տվել Հայաստանի նախաձեռնությանը։

Բարձր գնահատելով կատարված աշխատանքները՝ ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինն ընդգծել է, որ հանդիպումը ևս մեկ քայլ է մաքսային ծառայությունների փոխըմբռման և համագործակցության ամրապնդման ուղղությամբ. «Նպատակն է՝ ամուր Մաքսային միություն ստեղծել ամբողջ եվրասիական տարածքում: Մեր ուշադրության կենտրոնում է մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության գործընթացների դյուրացման, արագ կազմակերպման և բիզնեսին ուղղված վարչական ռեսուրսների կրճատման հարցերը»:

Բելառուսի մաքսային կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն անդրադառնալով Բագրատաշենի անցակետ կատարած այցին՝ նշել է, որ տպավորված է կառույցի աշխատանքների արդյունավետ կազմակերպմամբ. «Հաճելի է, որ ԵԱՏՄ գործընկեր երկիրն ունի նման արդիականացված ենթակառուցվածք՝ բարձրակարգ մասնագետներով և վերազինված՝ ժամանակակից տեխնիկայով: Այն հնարավորություն է տալիս բարձր արդյունավետությամբ ապահովել մեծ թողունակություն, ինչում համոզվել ենք մաքսակետում՝ նաև բելառուսցի բեռնափոխադրողների հետ զրույցի ժամանակ»:

Նիստում որոշում է ընդունվել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 30-րդ նիստն անցկացնել 2019 թվականի առաջին եռամսյակում՝ ՌԴ-ում: