Գագիկ Ծառուկյան- Բայց դուք մինչև էսօր բացի խոսալուց, պարոն Մարուքյան ջան, ուզում եմ իմանամ՝ ի՜նչ եք արել:

Էդմոն Մարուքյան- Ես կլասիկ պատգամավոր եմ:

Գագիկ Ծառուկյան- Ի՜նչ եք արել, քու կլասիկ ցա՜վը տանեմ, ի՜նչ ես արել:

Չգիտեմ՝ ո՛վ ո՛նց, պարոն Ծառուկյանը, պարոն Մարուքյանի «կլասիկ ցավը տանելով» ոչ միայն իր ու իր թիմին ամեն ցավից ազատեց ու իր ու իր թիմի տեղն ապահովեց նոր պառլամենտում, այլև իր էդ «կլասիկ հարցով» մտավ հայոց բանահյուսության ոսկե ֆոնդ, մտավ «կլասիկա»:

Է՜, պարո՜ն Մարուքյան ջան, հիմա տեսա՞ր, թե որն է իսկական «կլասիկը»: Դու, քո խոսքերով, «կլասիկ պատգամավոր», հիմա տեսա՞ր, թե ո՛վ «կլաս» ցույց տվեց ու ո՛վ ժողովրդի հետ խոսելու «մա՛սթեր-կլաս» արեց: Հիմա հասկացա՞ր, որ քո էդ «մոտիվացիա-սուտիվացիայի» վերաբերյալ տալիք հարցի տեղ, մի հատ այ տենց հարց պտի դնես ու տեղում սա՜ղ հարցերդ փակես, բայց դրա համար ժողովրդի հետ հարաբերվելու ձիրք ու շնորհք պիտի ունենալ:

Պարո՛ն Մարուքյան, գիտես երևի, որ աշխարհում ամենադժվար գործը հումորի ու երգիծանքի ժանրում գործ անելն է: Բայց դրանից առավե՜լ դժվար ու ծանր գործ էլ կա. մե՛ր ժողովրդի դատին հումոր ու երգիծանք ներկայացնելը: Մեր ժողովուրդն էնքա՜ն հանճարեղ է, ու էնքան նուրբ է իր հումորի զգացողությունը, որ այդ առումով աշխարհի բոլոր ժողովուրդների մեջ ամենից նրբաճաշակն ու նրբաքիմքն է: Ո՛վ կարողացավ մեր ժողովրդի գոնե ժպի՜տը սադրել, ուրեմն ահագին գործ արեց:

Այս առումով, պարո՛ն Մարուքյան, պարոն Ծառուկյանը, ձեր փոխանցումով, այ նման գո՛րծ էր, որ երեկ արեց: Էդ մարդն էս անգամ իր կարգախոսը տառացիորեն ի կատար ածեց. ասաց ու արեց, իր գործը արեց ու մի կողմ քաշվեց, «մոտիվացիա-սուտիվացիայով» զբաղվելը շռայլորե՜ն ձեզ թողեց, մի քանի վայրկյանում խորհրդարանում իրենց տեղն ավելի հիմնավոր ամրացրեց, իր ուզածն արեց:

Ի՜նչ ասեմ. իզուր չարժե նախանձել. կարո՞ղ էիք՝ դուք էդ բանն անեիք, էդ «մոտիվացիան» դո՛ւք ունենայիք, որ խթան լիներ՝ ճիշտ ժամանակին մի հատ տենց հասարակ, սակայն բախտորոշ, «քու ցավը տանող», բայց իրե՛ն ամեն ցավից ազատող տենց բան ասելուն:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ