Վաղը գլխահակ և դառնասիրտ, տրտում ու անժպիտ հասնելու ենք Գյումրի: Մեր ցավի, ամոթի, հույսի և անհուսության քաղաք: Հետո կայցելենք Սպիտակ և Աղետի գոտու այլ բնակավայրեր: Կայցելենք, կխոնհարվենք, մեղրագույն մոմեր կվառենք, հոգեշահ աղոթք կկարդանք և կդառնաք մեր հարմարվետ և տաքուկ տները, մեր կահավորված ու կյանքով լեցուն… բները:

Վագոն-տնակներն անկախ երկրի հյուսիսում: Այնինչ երկրի արևմուտքում հարավում և արևելքում ու նույն հյուսիսում սարդոստայն են կապել դղյակներն ու պանդոկները, խաղատներն ու գիշերային ակումբները: Արծաթե սարդոստայն բորոտ մարմնի վրա:

Եվ ահա եկեք ծուռը նստենք, շիտակ հաշվենք, թե նախորդ 30 տարիներին քանի 30 հազար շրջաբերական է կազմվել Աղետի գոտու վերացման շուրջ: Նաև փորձենք կռահել՝ մի՞թե անհնար էր Աղետի գոտի ժամանած պետական ատյանների շարժակազմերի ծախսած վառելիքի գումարով վագոն-տնակները փոխարինել շեն շենքերով:
Անհնար չէր ամենևին:

Պարզապես նորանկախ Հայաստանը դեռսև դեգերում է ապապետական խարդավանքների խառնարանում, վարկեր է մուրում, սեփական անճարակությունը քողարկում է զանազան հանդեսներում՝ վարկային պարտքը ագուցելով անգամ լույս աշխարհ չեկած ՀՀ քաղաքացու պարանոցին: Ու մինչ իշխանությունները (այսօր կարելի է ասել՝ նախկին, զի ներկաները կարծես փակել են վարկային դժոխքի դռները) վարկամուրմամբ լայնք-երկայնքով լցոնվում էին ճարպաշերտերով, և մինչև նրանց պարագլուխներն առյուծ էին գետնում տոթակեզ Աֆրիկայում և Հայաստանից կորզված փողերն էին տանուլ տալիս խաղատնային զովաշունչ մայրաքաղաքներում, հայերիս ներաշխարհում փոթորիկ էր երկնվում ու մարում ուժասպառված:
Փոթորիկ՝ հարցերի տեսքով:

Ահավասիկ՝
ա. մի՞թե այսօր անհնար է Ալեքսանդր-Սաշիկ Սարգսյանի գողոն-նվիրաբերումն ուղղել Աղետի գոտու վերաշինմանը,
բ. արդյո՞ք համայն հայությունը չի կամենա համազգային հանգանակությամբ ոտն ի գլուխ վերաշինել Գյումրի-Կումայրի խաս ու պատվարժան հայրաքաղաքը՝ հայոց հողն ազատելով այդ չարաղետ անեծքից,
գ. ինչու, շատ կներեք, ‹‹Իմ քայլը››համաժողովրդական դաշինքի նախընտրական փառապանծ ծրագրում ծպտուն անգամ չկա Աղետի գոտու մասին,
դ. համաձա՞յն եք, որ երկրակործան ՀՀԿ-ին պետք է հայրական ապտակով պարտադրել երկրից յուրացված կապիտալ-գողոնը հասցնել Աղետի գոտի, վերքը ժողովրդի սրտից հանել ու ապաշխարել, ապաշխարել, ապաշխարհել:

Եվ այս ամենը պետք է սկսել հենց վաղվանից՝ մեր սրտերում ընդմիշտ դաջված այդ սև օրից:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ