Շարմազանովի կողմից ծավալվող քարոզարշավի ընթացքը խաղաղ չես անվանի՝ տհաճ միջադեպեր, «փող առնել-տալու» կեղծ բեմադրություններ, հասարակ քաղաքացիների հետ առճակատումներ, որոնցում բացահայտ անհիմն մեղադրանքներ են հնչեցնում՝ ընդհուպ հանցավոր բանդայի մաս կազմելու հայտարարություններ են անում։

Էջմիածնում կուսակցության ընտրական պաստառը չեն փակցնում, մի այլ վայրում պաստառը պատռում են «Իմ քայլի» համակիրները և այսպես շարունակ։ Անցած տարիների ընտրությունների հետ իհարկե չես համեմատի՝ միայն սթրեսներ, հեռավոր գյուղերում հանդիպումներ, մարդկանց առաջ արդարանալու անվերջանալի շղթա, Նիկոլ Փաշինյանի դիմակը պատռելու անհույս փորձեր... Չէ՛, համեմատության ոչ մի եզր։

Շարմազանովի խոսքով՝ այս խորհրդարանական ընտրությունների քարոզչությունն աննախադեպ է և ատելության քարոզի նման չափաբաժին պատմության մեջ չի եղել։ «Ատելության քարոզի, անհանդուրժողականության, մայմունիզմի չափաբաժինը, որ երկրի ղեկավարը տալիս է հանրությանը, անցած 30 տարիների պատմության ընթացքում երբևէ չի եղել», -գրում է ՀՀԿ պատգամավորի թեկնածուն և հավելում՝ չի մոռացել, որ ամիսներ առաջ էլ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդներն էին «սև լենտերով հողը վրաս թեթև արել»։ Բայց, փառք Աստծո, մահվան մասին լուրերը չափազանցված էին՝ ինքը ողջ-առողջ է և շարունակում է մրցապայքարը հանուն ազգային արժեքների պաշտպանության։
Այսօրվա բարի առավոտն էլ Էդուարդ Շարմազանովի համար բացվել է անսպասելի անակնկալով։ Վերջինս ահազանգ է ստացել, որ երեկ Վանաձորի իր նախընտրական շտաբի մոտ երկու հոգի փող առնել-տալու գործողություն են բեմադրել, մեկ ուրիշն էլ դա նկարահանել է։ Երբ շտաբից դուրս են եկել իմանալու, թե ինչ է կատարվում, «դուխով» փախել են։
Շարմազանովը, որպես «ընտրակաշառքի դեմ պայքարող» ազնիվ թեկնածու, հրավիրում է իրավապահների և բոլոր պատկան մարմինների ուշադրությունը՝ աչալուրջ և հետևողական լինելու նման սադրանքները բացահայտելու հարցում։