Հանրային ՀԸ եթերով 11 լիդերների մասնակցությամբ երեկվա բանավեճն, ինչ խոսք, աննախադեպ էր թե՛ Հանրային հեռուստաընկերության և թե՛ ընդհանրապես Հայաստանի համար։ Կարծես թե երեկ իսկապես զգացվեց, որ հեղափոխությունից հետո խոսքի ազատության առումով աճ ունենք, որ որևէ մեկը կաշկանդված չէ իր կարծիքը եթերով ազատ արտահայտելու։

Սակայն այդ լիդերներից որոշների խոսքը հակասական տպավորություն տողեց, ավելի շատ նման էր փողոցային մակարդակով հաշիվ մաքրելու՝ ընդ որում առանց հետադարձի սեփական անցյալը, այդ անցյալում ունեցած իրենց ձախավեր քաղաքականությանը:
Իր փրփրապղպջակային գոյությամբ նորից աչքի զարնեց «Օրինաց երկրի» Արթուր Բաղդասարյանը, անհասկանալի մնաց, թե խորհրդարանում հայտնվելու դեպքում ո՞րն է լինելու «Սասնա ծռերի» անելիքը, գաղափարներից ու գաղափարախոսությունից խոսող դաշնակցությունը խորհրդարանում տեղ չգտնելու վիրավորանքից այդպես էլ չկարողացավ դուրս գալ ու կախված մնաց փրփուրներից, այդպես էլ կատարելապես անհասկանալի էին ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանի մեղադրանքները ներկա իշխանությանն այն դեպքում, երբ առնվազն 10 տարի ժամանակ էին ունեցել երկիրը երկիր դարձնելու ու այդ ընթացքում իրենց բարեկեցությունը շփոթել են հասարակ ժողովրդի չարքաշ կյանքի հետ; Բնականաբար այս հենքի վրա անհասկանալի է դառնում, թե ինչո՞ւ պետք է այդ քաղաքացին ընտրի ՀՀԿ-ին։
Ինչ վերաբերում է մնացած կուսակցություններին, թերևս դեռ ունենք կարիք հստակ, փաստարկված ծրագիր լսելու նրանց բոլորի կողմից։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ