Արարատ Միրզոյանը գտնում է, որ գաղտնալսումների նոր սերիայի հրապարակումը իշխանություններին վարկաբեկելու ճղճիմ փորձ է, որը միանշանակ կարելի է անվանել ձախողված փորձ։ Նրա համոզմամբ՝ կա 10 քաղաքական ուժի և մի մետաստազների մեջ հայտնված, կիսահանցավոր, կիսաքաղաքական խմբավորման մրցակցություն։ Այս մասին փոխվարչապետը հայտարարել է Նվեր Մնացականյանի հետ զրույցում՝ հավելելով, որ իրական քաղաքական պայքարը 10 ուժի մեջ պետք է լինի, և մարդիկ ընտրություններին պետք է կողմնորոշվեն և ընտրություն կատարեն այդ 10-ի մեջ։ Իսկ նախկին իշխանություններին պետք է վերջնականապես մերժեն և դուրս մղեն քաղաքական դաշտից։

Արցախի անվտանգության մասին տարածվող լուրերը Արարատ Միրզոյանը կոչում է անհեթեթ հերյուրանք և զրպարտություն։ Նա շեշտում է, որ Արցախի հարցը նոր կառավարության լուրջ հոգածության ներքո է, Արցախի հարցը չի կարող լուծվել առանց 2 ժողովուրդների կամարտահայտության, և իրենց բոլոր ջանքերն ուղղված են Արցախի պաշտպանունակության բարձրացմանը և տնտեսության զարգացմանը։

Փոխվարչապետը Դավիթ Շահնազարյանի հնչեցրած մեղադրանքները համարում է մերկապարանոց հայտարարություններ։ Վերջինս պարզապես ցավում է, որ Շահնազարյանը նման անփառունակ ավարտ ընտրեց իր քաղաքական կարիերայի համար։

Ըստ Արարատ Միրզոյանի՝ ՀՀԿ-ի հետ հակամարտությունը կարելի է ձևակերպել որպես մի ամբողջ ժողովրդի և մի փոքր խումբ մարդկանց առճակատում։ Հանրապետականների կողմից դաշտ նետված բոլոր մեղադրանքներն անհիմն են, չունեն խորքայնություն, և ՀՀԿ-ն քաղաքական ուժ չէ, այլ՝ խմբավորում։