Ոստիկանության ծառայողների հետևողական միջոցառումների արդյունքում 2018 թվականի առաջին եռամսյակում բերման է ենթարկվել պոռնկությամբ զբաղվող 125 անձ, երկրորդ եռամսյակում՝ 224, իսկ երրորդում ՝ 393: Հայաստանի առաջին տրանսգենդեր կինը, ով նաև «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահն է, մերժում է այս «մասնագիտության» հին տերմինը: «Ես ձեզ առաջին հերթին խնդրում եմ չօգտագործել մարմնավաճառ բառը. օգտագործել սեքս-աշխատանք կամ սեքս-աշխատող», -մեզ հետ զրույցն այսպես սկսեց տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը։

Ոստիկանության աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում փաստեց, որ եթե փաստական հիմքեր և տվյալներ կան, որ տվյալ անձը զբաղվում է մարմնավաճառությամբ, ապա ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 179 հոդվածով սահմանվում է, որ տվյալ անձը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով՝ ոչ ոք իրավունք չունի սեքս-աշխատողին տուգանել ու ասել այդ գործով մի զբաղվի. «Ինչպես տեսնում ենք, ոչ մի դեպքում նման բան չի եղել, ինչքան էլ տուգանել են, հաջորդ երեկոյան նորից զբաղվել է սեքս-աշխատանքով: Տուգանքը զուտ լցվում է բյուջե, եթե իհարկե հասնում է բյուջե»:

Մերսման սրահում աշխատող մերսուհի Լարիսան (անունը փոխված է) ևս փաստում է, որ հաճախ ոստիկանների և պոռնկությամբ զբաղվող անձանց միջև լուռ համագործակցություն է ստեղծվում. «Երբ մարմնավաճառը հայտնվում է ոստիկանությունում, կարող է շատ հեշտությամբ դուրս գալ՝ ոչ օրինական ճանապարհով, առանց տուգանվելու։ Մարմնավաճառը և ոստիկանը կարող են փոխանակվել համարներով, տեսնվել, և տվյալ մարմնավաճառը հնարավոր է հանդիպի նրա հետ ոչ գումարի դիմաց»:

Լիլիթ Մարտիրոսյանի համոզմամբ՝ ոլորտի օրինականացման դեպքում պետբյուջե ավելի շատ գումար կմտնի, քան բերման ենթարկելիս տուգանելու դեպքում. «Տրանսսեքս աշխատողների շրջանում երբեմն լինում են հաճախորդներ, ովքեր ներկայանում են որպես ոստիկանության աշխատող և փորձում են օգտագործել տարբեր լծակներ: Եթե իրենց անվճար ծառայություններ չմատուցեն, իրենց զբաղմունքի մասին կհայտնեն ընտանիքի անդամներին: Ձեռք են բերում ոստիկանական կեղծ վկայականներ որպես ոստիկանական ներկայացուցիչներ ու փորձում են վախեցնելով, ճնշումներով գումար շորթել սեքս-աշխատողներից կամ անվճար օգտվել նրանց ծառայություններից»:

Տարբեր են կարծիքները, անփոփոխ է իրավիճակը: Անկախ վարչական տույժերից և բերման ենթարկելուց՝ Հայաստանում պոռնկությամբ զբաղվողների թվաքանակը էականորեն չի փոխվում:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ