Պարզվում է՝ ՀՀԿ ընտրացուցակի երրորդ հորիզոնականում հայտնված Դավիթ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից։ Այս մասին գրում է մամուլը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում Շահնազարյանի և նրա որդու դեմ։

Ասում են, որ Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին փաստեր, որոնք պետք է վկայեին, որ Դավիթ Շահնազարյանը և նրա ընտանիքի անդամները հետապնդումների են ենթարկվում Սերժ Սարգսյանի իշխանության կողմից։ Այժմ էլ նոր իշխանությունը ուզում է գրություն ուղարկել ԱՄՆ Սիեթլ քաղաքի էմիգրացիոն ծառայություններին, որտեղ արդեն մի քանի տարի բնակվում է Շահնազարյանի որդին։

Թերևս այստեղ փոքր-ինչ բարդ իրավիճակ է ստեղծվում այն առումով, որ եթե այսօր Դավիթ Շահնազարյանը քաղհալածյալ լիներ, ապա ինչպե՞ս պետք է հայտնվեր ՀՀԿ ցուցակում։ Իսկ ինչ վերաբերում է նախորդ իշխանությունների օրոք նրա նկատմամբ կատարված հետապնդումներին, հետաքրքիր է՝ այս առումով ինչպիսի՞ քայլեր է անելու ներկայիս իշխանությունը։

Մի կողմից որդու այս հարցերը, մյուս կողմից՝ ԱԱԾ-ն, ով պարզաբանումներ է պահանջում Շահնազարյանից իր հայտարարությունների համար, թերևս նրա շուրջ պտտվող «տորնադոն» գնալով ավելի մեծ թափ է հավաքում։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ