«Ես մեզ եմ ԱԱԾ-ով սպառնում», -մայրաքաղաքում քարոզարշավ իրականացնելիս ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, որ վարչապետի պաշտոնակատարը մրցակից թեկնածուներին վախեցնում է ԱԱԾ-ով։ Փաշինյանը նշում է, որ կառավարությանը մեղադրում են Արցախը հանձնելու դավադրության մեջ ներգրավված լինելու համար։ Նրա համոզմամբ՝ եթե իրենք լռության մատնեն նման մեղադրանքը, հայտարարություն հնչեցնողները կասեն, որ իշխանությունները «ծածկադմփոց են անում»։ Ուստի Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հիմա ԱԱԾ-ն պետք է հրավիրի բոլոր հայտարարություն անողներին, ընդ որում ընտրություններից առաջ, և բացահայտի, թե արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը։ Եթե պարզվի, որ իշխանությունները դավադրության մեջ են, ժողովուրդը պետք է իմանա այդ մասին, որից հետո համապատասխան միջոցներ ձեռնարկի։ Իսկ եթե պարզվի, որ այդ հայտարարությունները սուտ են, ժողովուրդը պետք է իմանա, որ կեղծ տեղեկություններ տարածողներն էժանագին ստախոսներ են։