Չի եղել կուլիսային որևէ պայմանավորվածություն նախկին գործընկերների միջև՝ նման հայտարարություն է արել Էդմոն Մարուքյանը «Հեռանկարի» տաղավարում՝ անդրադառնալով այն մեղադրանքներին, թե իբր Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստանի» միջև կա գաղտնի պայմանավորվածություն։ Վերջինս նշում է, որ իրենք ունեն միասին անցած ճանապարհ, որով հպարտանում են, սակայն այլևս կա նոր իրավիճակ և նոր Հայաստան։ Իսկ ԼՀԿ-ի մոտեցումը հետևյալն է՝ նոր Հայաստանում պետք է նոր ընդդիմություն, նոր հակակշիռ, նոր փոխզսպող ուժ։

Մարուքյանի համոզմամբ՝ ՀՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն, քանի որ ժողովրդի մոտ դեռ չեն սպիացել բոլոր վերքերը, և, միաժամանակ, հանրապետականները պետք է ցույց տան, որ իրենք այրել են բոլոր կամուրջները այն մարդկանց հետ, ովքեր երկիրը թալանել են և ներքաշված են տարատեսակ կոռուպցիոն սկանդալների մեջ։ ԼՀԿ առաջնորդը շեշտում է․ «Հանրապետականների պարտիան ավարտված է, քանի որ իրենց թագավորն ընկել է»։

«Լուսավոր Հայաստանը» որևէ արհեստական կոալիցիայի մաս չի կազմելու՝ ասում է Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում իմաստ չկար ընտրություններին մասնակցել առանձին-առանձին։ Նա գտնում է, որ արտահերթով ձևավորվելու է նոր որակի խորհրդարան, որտեղ քաղաքական խոսքն ու քննադատությունն էլ այլ է լինելու, քանի որ անսխալական կառավարություն չկա, և քաղաքական ուժերի պատկերացումներն ու մոտեցումներն էլ տարբեր են։

Անցած 7 ամիսների ընթացքում կառավարության կողմից եղել են բացթողումներ և սխալներ, սակայն ԼՀԿ-ն հաշվի է առել, որ գործում է ճգնաժամային կառավարություն և հրապարակային քննադատություն չի հնչեցրել։ Կառավարությունը եղել է շատ խոցելի, ուստի քննադատական հայտարարությունները կարող էին շահարկվել և դառնալ հակահեղափոխական նյութ։ Սակայն, Մարուքյանի խոսքով, կան շատ ձևավորված արատավոր ավանդույթներ, որոնք իներցիոն ուժով այսօր էլ շարունակվում են։ Այդ երևույթների դեմն առնել է պետք, քանզի դրանք առաջացնում են լուրջ հիասթափություն հասարակության շրջանում։