«Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել, ոչ էլ առաջարկությամբ։ Մենք ասել ենք, որ մենք ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում, և մենք հետևողական շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ», -ասել է է Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովի այն հայտարարության, թե դեկտեմբերի 6-ի Սանկտ-Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ առաջիկա արտահերթ ընտրությունների պատճառաբանությամբ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների հանդիպումը չի կայանա։ «Մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահն առաջարկեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթնաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք։ Ես համաձայնեցի, որովհետև կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելն ավելի ճիշտ է։ Մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչև որևէ կոնսենսուսի հասնելը», -լրագրողների հետ զրույցում հայտնել էր Նիկոլ Փաշինյանը։