Արդարադատության նախարարությունը համաներմամբ ազատ արձակված անձանց կոչ է անում դիմել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Նախարարության տարածած հայտարարության մեջ ասված է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղյակ եք, որ ներկայում ընթանում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի կիրառման գործընթացը։

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Արդարադատության նախարարությունը դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին՝ համաներման հիմքով պատժից ազատված անձանց վերասոցիալականացման գործընթացի շարունակությունն ապահովելու և, ըստ այդմ, կրկնահանցագործության ռիսկերը նվազեցնելու հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Ուստի առաջարկում ենք համաներման հիմքով պատժից ազատված այն անձանց, որոնք ունեն սոցիալական, այդ թվում՝ զբաղվածությանն առնչվող խնդիրներ, դիմել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ, այդ թվում՝ սոցիալական ապահովության տարածքային կենտրոններ և զբաղվածության տարածքային կենտրոններ»։