Ինչպես հայտնի է, այսօր տեղի կունենա հայտնի դեբատը ընտրություններին մասնակցող լիդերների միջև։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են,․ որեւէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել», -մամուլին հայտնել է Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։

Նախատեսվել է, որ դեբատը կտևի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո. «Քանի որ առաջին անգամն ենք նման բաց բանավեճ անցկացնելու, մասնագետներն էլ գտնում են, որ 11 գործչի դեպքում հնարավոր է՝ ասելիքը երկար լինի, կփորձենք ավելի ճկուն լինել ու անհրաժեշտության դեպքում բանավեճին ֆորմատից ավել՝ ևս կես ժամ տրամադրել»։

Դեբատը կվարեն Արմեն Դուլյանը և Քրիստինե Մելքոնյանը։ Հետաքրքրական է, թե ինչո՞ւ չի վարի Պետրոս Ղազարյանը, ով վերջերս տեղափոխվեց Հանրային հեռուստաընկերություն։ Գրիգորյանի փոխանցմամբ՝ հաղորդումը կազմակերպելու, բանավեճը հնարավորինս սահուն կազմակերպելու համար թրեյնինգներ է անում հասարակական կազմակերպություններից մեկը․ հենց նրանք էլ խորհուրդ են տվել, որ բանավեճի մոդերատորները լինեն կին և տղամարդ։

Դեբատի սկզբում 11 գործիչներն ասելու են իրենց ողջույնի խոսքը, մոդերատորների միջամտությունը քիչ է լինելու, մասնակիցները միմյանց հարցեր կտան, պատասխաններ կհնչեն։ Մնում է սպասել այդ «գայթակղիչ» բանավեճին՝ տեսնելու, թե ովքեր և ինչպես են թեժացնելու մթնոլորտը, ում միտքն է առավել սրամիտ, և ով կկրի դեբատի ողջ «ծանրությունն» իր վրա։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ