«Մտել եմ ժողովրդի մեջ, տղե՜րք, մտե՜լ եմ, տեսե՜ք, ձեզնից էլ լա՜վ եմ մտել. հետո՞. տեսնում ե՞ք՝ ոնց են ընդունում»:
Էդուարդ Շարմազանովի՝
բազմամարդ, այսինքն՝ ոչ միհոգանոց
«հանրահավաքում» ունեցած ելույթից

Տղեն ասաց ու ասածն արեց. մտա՜վ…
Մտավ ժողովրդի մեջ ու ի՜նչ բոցաշունչ ելույթ ունեցավ:
Ոչինչ, որ 10 հոգի էր միայն հավաքվել: Հո՞ ամեն մեկին տղեն կարա իրա «վիզիտկեն» տա ու ամեն մեկի հետ կապի մեջ ըլնի: Թե չէ, օրինակ, ի՜նչ է Նիկոլինը. էնքան մարդ է հավաքվում, որոնց ո՛չ ճանաչում է, ո՛չ անունը գիտի: Իսկ ինքը ցանկացած իր միտինգավորի, երբ ուզի, կարա զանգի՝ իմանա, թե հո էդ անխիղճն իրա միտքը չի՞ փոխել, տասն ընտրողից սոսկ ինն ընտրող թողել:

Իր պարագայում գիտե՞ք ի՜նչ հսկա տոկոս է անում էդ մի հոգին ու ինչ հսկա տոկոսի անկում՝ հենց էդ մի հոգու փոշմանելն. ասեմ՝ ուղիղ տասը տոկոս: Բա՞: Ամեն մեկի փոշմանելն իր հետ իր ստանալիք ձայների ուղիղ տասը տոկոսն է դնում ու խլում: Եւ ուստի պետք է կապի մեջ լինել, սիրաշահել ու սենց թանկ-թանկ պահել, որ էդքան տոկոս հանկարծ չկորցնել:

Բայց մի հարց մնաց, ընդսմին՝ լրիվ բաց: Էս ցրտին էդ մարդկանց դո՞ւրս ինչու էիր զոռով լարել-բերել, Էդի՛կ ջան: Էդ մի քանի հոգով մի հատ սենյակում էլ ախր կարող էիք հանգիստ տեղավորվել:

Մյուս հարցը, որ էլի մնաց լրիվ բաց, թմբուկի հարցն էր: Մի հատ էլ թմբուկ որ մեկի ձեռը տայիր, որ խփեր, Նիկոլից լրիվ մուռդ կհանեիր, քանզի քեզ լրիվ Նիկոլ կպատկերացնեիր:

Ինչ վերաբերում է «ռուպոր»-բարձրախոսին, ապա լավ արիր, որ չվերցրեցիր. բոլորը կողքդ սիրուն շարված էին, էնքան մոտիկ էին, որ բարձրախոսով եթե ելույթ ունենայիր, մեկի ականջը պտի վնասեիր:

Դե ինչ, Շարմազանովը Լոռուց երևի կգնա Գյումրի:
Գյումրիից ինքը մի՛ ակնկալիք ունի. որ առանց գիպսի հետ վերադառնա:
Դե ինչ, էդի՜կ ջան, շառից ու գիպսից հեռու ու… հառա՜ջ:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ