Մենք կուրսում մի տղա ունեինք, որին հնարավոր բոլորս օգնում էինք կուրսայինները, քննությունները հանձնելիս, բայց որը սիրում էր ամեն մի խոսակցության խառնվել «Հեսա բացատրեմ» միջամտությամբ, մինչև որ մեզանից մեկի համբերությունը չբավարարեց ու «Հեսա բացատրեմ»-ին պատասխանեց «Հեսա բացատրեմ»-ով, որն իր հիմքում ավելի շատ նման էր «կոշկակար, քուղերից վեր մի նայիր» հայտնի պատմությանը:

Երեկ Հ1-ի եթերով ելույթ ունեցած Դավիթ Շահնազարյանը հիշեցրեց իմ «Հեսա բացատրեմ» համակուրսեցուն: Քավի լիցի, հեռու եմ այն մտայնությունից, թե սույն անձը չունի վերլուծական միտք, փաստերը համադրելու կարողություն, տրամաբանված դատելու ունակություն ու էլի մի շարք բնութագրականներ, որոնք անհրաժեշտ բաղադրիչներ են խելոք մարդու համար, սակայն սույն անձն ակնհայտորեն չի կարողանում դուրս գալ իր անպարագիծ ինքնահմայվածությունից, միամտորեն հավատում է, թե ինքն է ամեն ինչի ալֆան ու օմեգան, ու որ այդ միայն իրեն են հասու վերին իմացությունները և որ միայն իր շուրթերով են բարբառվում անքննելի ճշմարտությունները:

Հատ-հատ չանդրադառնանք նրա մտքի «գոհարներին», որոնք հանրապետականների ցուցակում իր ներկայության խղճուկ հիմնավորումներ էին սոսկ, անատամ փաստարկներ, նիկոլատյացության վառ դրսևորումներ: Պարադոքսալ բան եմ ասում, սակայն երևի Նիկոլն էլ արդեն մի առանձնապես հմայված չէ իր մարգարեականությամբ ու ավելի քան հրաշալի հասկանում է, որ քննադատողից կառուցողի կարգավիճակին անցնելն անհամեմատ խոշոր բարդությունների հետ է կապված, ու որ կառավարելն առանձնակի շնորհքի արվեստ է:

Սակայն այս հարկադիր միջանկյալով Նիկոլ Փաշինյանին թողնենք մի կողմ ու անդրադառնանք հայ-թուրքական նախիջևանյան հատվածում Դավիթ Շահնազարյանի ներկայացրած դիտարկումներին, դիրքային իբր թե արձանագրված տեղաշարժերին, որոնք եթե իրավ այդպիսին են, ապա տագնապահարույց էլ չեն, այլ՝ խիստ վտանգավոր:

Հարկավ չուշացավ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան համեմատաբեր հանգստաբեր գրառումը, որ նախիջևանյան հատվածում «ոչ մի դիրք հակառակորդը առաջ չի տվել հայկական դիրքերի հաշվին», սակայն եկեք խոստովանենք, որ քաշային առումով Դավիթ Շահնազարյանն ու Արծրուն Հովհաննիսյանը տարբեր կարգեր են ներկայացնում, որքան էլ առաջինս գրեթե բոլոր բաներով նախկին է: Այդ նախկինների մեջ հանգիստ չտվողը 1994-ին նրա ունեցած պաշտոնն է հատկապես ու, դրանով պայմանավորված, իրազեկության աստճանը, որը տեղեկատվության մեկ այլ կարգի տեղեկացվածության մասին է հուշում:

Հետևաբար Դավիթ Շահնազարյանի երեկվա ելույթի գոնե նախիջևանյան հատվածին պիտի մեկնաբանությամբ անդրադառնալ միանգամայն այլ մակարդակով ու չվարվել այնպես, ինչպես ՀԱՊԿ-ի դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելուն Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին արձագանքեցինք ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանով: Քավ լիցի, բնավ չենք թերագնահատում վերջինիս ու նրա իմացությունը, սակայն եկեք Յուրի Ուշակովի մակարդակի ընկալման հստակ չափն էլ իմանանք: Կարիք կա՞ ասելու, թե ռուսական պաշտոնական հիերարխիայում հայտնվելու համար մարդիկ հատուկ պատրաստավածության ինչ կուրսեր ու առհասարակ կյանքի ինչ ճանապարհ են անցել, ինչ մակարդակի իմացության են տիրապետում:

Մարտին ՀՈւՐԻԽԱՆՅԱՆ