Դեռ ամիսներ առաջ երբեւէ որեւէ հայաստանցի չէր էլ կարող մտածել, որ պետությունը կարող է կանգնել քաղաքացու կողքին եւ փորձել իր տեղը ցույց տալ խոշոր բիզնեսին, կոնկրետ՝ մեծ առեւտրի ցանցերին եւ ստիպել նրանց գալու օրինականության դաշտ: Գոնե այն բացահայտումները, որոնք եղան այս օրերին կապված խոշոր սուպերմարկետների հարկային եւ այլ արտոնությունների հետ, նախկին իշխանությունների եւ նրանց ունեցած ստվերային պայմանավորվածությունների մասով, ամենեւին էլ հույս չէր տալիս, որ եթե հանրապետականների վարչակարգը մնար իշխանության ղեկին, ապա ինչ որ բան հօգուտ ՀՀ քաղաքացու կլուծվեր: Սակայն այսօր ունենք այլ իրականություն եւ կամաց կամաց, թեեւ մեծ դժվարությամբ, նախկին համակարգի բաղկացուցիչ մաս հանդիսացած խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, օլիգարխիան եւ մյուսները սկսում են հասկանալ, որ իրավիճակն Հայաստանում իրոք է փոխվել: Սա մեզ՝ ՀՀ հասարակ քաղաքացիներիս համար շատ ձեռնտու տարբերակ է եւ գոնե հասարակ քաղաքացիներս պետք է ամենօրյա այս պայքարի առաջամարտիկ լինենք: Նույն սուպերմարկետների մասով: Ընդհանուր միտումը որ երեկ երեկոյան ՀՀ վարչապետի հայտարարությունից հետո տարածվեց ֆեյսբուքում հենց մեզ է օգուտ: Բոյկոտելով խոշոր սուպերմարկետներին մենք պարզապես այդպես աջակցում ենք մեր հարեւան-բարեկամ կամ թաղում պարզապես գործող փոքրիկ կրպակին, միջին մեծության խանութին, որտեղից ի դեպ երբեմն նաեւ զուտ հայավարի “նիսյայով” ենք առեւտուր արել կամ անում: Պետք է հիշել, որ խոշորները երկար չեն կարող պայքարել եւ հանձնվելու են: Հիշենք ապրիլյան օրերը: Սերժ Սարգսյանը դիմադրում էր ամբողջ ուժով, սակայն ի վերջո նահանջեց: Նույնն է նաեւ հիմա: Ենթադրենք խոշոր սուպերմարկետները թանկացրեցին միսը հինգ հարյուր կամ հազար դրամով եւ մենք բոյկոտեցինք: Երեք չորս օր հետո այդ միսը այլեւս պիտանի չէ օգտագործման համար: Մինչդեռ մենք կարող ենք հանգիստ թաղի խանութից գնել եւ միս եւ կաթնամթերք եւ մնացած ապրանքները: Ստացվում է, որ տնտեսական այն շանտաժը, որով փորձում են համաժողովրդական վստահություն վայելող իշխանությանը զիջումների պարտադրել, կարող է տեւել մի շաբաթ առավելագույնը: Ինչ են անելու խոշորները՝ փակելու են բիզնեսը, մարդկանց են կրճատելու: Իհարկե դրա լուծումն էլ կա: Սուրբ տեղը երբեք թափուր չի մնում: Կհեռանան ասպարեզից ներկայիս սուպերմարկետները, կստեղծվեն նորերը: Ի վերջո կյանքը միշտ դեպի առաջ շարժում է: Հենց այս լույսի տակ պետք է ընկալել խոշորների բոյկոտի կոչը: Ի դեպ փոխպայմանավորված գնային արհեստական ելեւէջը տնտեսական հանցագործություն է, իսկ պետությունն օրենքի ուժով ի զորու է եւ իրավասու է կոշտ գործողությունների դիմելու իր տեսչական մարմինների միջոցով:

 

Սամվել Մելիքյան