Հռոմի ամենատեսարժան վայրերից մեկում` Բորգեզի այգում, ընդառաջ 150-ամյակին, կտեղադրվի հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանը` «Արմենպրեսի» փոխանցմամբ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը երեկ հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը: Նրա խոսքով` Բորգեզի այգին աշխարհի ամենագեղեցիկ և կարևոր նշանակություն ունեցող վայրերից է, ուստի, Թումանյանի այնտեղ տեղադրվող քանդակը չափազանց լավը պետք է լինի:
Անդրադառնալով արձանի հեղինակի ընտրությանը` Գալստյանն ասել է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը դեռ պետք է հասկանա, թե որքան գումար է հատկացվելու քանդակի ստեղծմանը, այնուհետև կհայտարարվի մրցույթ: «Ցանկալի է, որ հեղինակը հայ լինի և ներկայացնի մեր մշակութային պոտենցիալը: Վստահ եմ, որ մենք ունենք լավ քանդակագործներ», -եզրափակել է նա: