Ինչու «լայվի տակ» ու ոչ «լայվի մեջ»: Որովհետև տղերքն ընկել «լայվի տակ», էդ «տակից» ոնց որ էլ դուրս չեն գալիս: Ընդ որում՝ դրանց բոլորի «լայվերը» շարանով ոնց որ «Նու պագադիի» տարբեր սերիաները լինեն: Ամեն սերիայում հիմնականում սոսկ մի բան է հնչում. «Նու պագադի՜»: Անգամ եթե այլ բառեր են հնչում, էլի հնչում են որպես «նու պագադի՜»…

«Օր ու արև չենք տա»…
«Մենք ընդդիմություն կդառնանք»…
«Մենք գրպանի ընդդիմություն չենք դառնա»…

Ուշք ու միտքներդ էլի՞ գրպանն է, ո՜վ հայոց «նոր դարակազմիկ ընդդիմության վառ ներկայացուցիչներ», «հայոց նոր լայֆի՝ լայվի տակ ընկած երախտավորներ»: Լա՜վ, ասենք, «լայվում ու էդ լայվի տակ» ընդդիմություն եղաք, «լայվից ու լայվի տակից» դուրս եկա՞ք՝ ի՛նչ պիտի անեք: Կամ որ էդ «լայվի» տակից դուրս չեկա՞ք՝ ի՛նչ պիտի անեք, ո՛ւր պիտի գնաք. «լայվի տակ մնացած անոնիմ լայվագոլիկների խմբակային սեանսների՞», ուր իրար կպատմեք, թե ոնց ձեր «լայֆը» լրիվ «լայվ» սարքիք, թե ոնց «լայվ» մտաք ու այլևս հետ չվերադարձաք…

Էդ՝ վաղն, իսկ էսօր էդ «Նու պագադիից» զատ մի բա՜ն էլ ասեք՝ մարդիկ իմանան, թե ինչո՛ւ եք գալիս, ինչո՛ւ եք ուզում ընդդիմություն լինել և ինչո՛ւ չեք ուզում գրպանի՛ ընդդիմություն լինել:

Հա՛, ձեր էդ «Նու պագադիից» ու ձեր էդ «Ջուջալարից» զատ մի հատ ուրիշ երգ էլ, անխիղճնե՜ր, էդ «լայվում» երգեք:

Ասե՛ք՝ ինչու 20 տարի երկիր կառավարեցիք, բայց երկրի բնակչությունն էլի էն աղքատը մնաց: Ասե՛ք՝ ինչու այնպես ստացվեց, որ թերուսները անցան երկրի գլուխ:
Ասե՛ք՝ ինչպես եղավ, որ դուք, ձեր ասելով՝ այդքան երախտավոր, այսօր ի վիճակի չեղաք անգամ մի հատ պիկետ կազմակերպելու, քանզի անգամ մի պիկետի չափ մարդ այսօր չկա երկրում, որ ձեզ կանգնի-լսի: Թեպետ, մյուս կողմից էլ, եթե դուք հայտարարեք ոչ թե պիկետ, այլ անգամ հսկա հանրահավաք, հավատացե՜ք, կգան, մարդիկ հսկա բանակ կազմած հաստատ կելնեն-կգան, բայց ախր լա՜վ գիտեք, ինչի համար կգան: Բանն այն է, որ դուք ոչ թե իրենց չգալուց, այլ գալուց հենց ահ ունեք:

Գեթ մի բանի համար, սակայն, պետք էր գեթ մի անգամ գոտեպնդվեիք ու մարդկանց հանրահավաքի կանչեիք, որպեսզի մարդկանց ասեի՛ք՝ ինչպես եղավ, որ դուք, ձեր ասելով՝ այդքան երախտավոր, մարդկանց աչքից էդքան ցածր տեղեր ընկաք ու այլևս… չելաք: Իսկ թե հարցն էդ տալուն ուժ ու կամք չհերիքեր, չվախենա՜ք, ձեր տեղ մարդիկ իրե՛նք տեղում կտային դրա պատասխանը:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ