Քլորակրե շոգեբաղնիքում

8 համարի մենախցի հատակը շեմից բավականին ցածր էր: Մենախուցը դատարկ էր, միակ իրը բետոնե առաստաղից կախված ցանցապատ լամպն էր: Կանգնել էինք մտամոլոր, մի քիչ էլ ահաբեկված: Ջեմալը սովորույթի համաձայն բեղերն էր շոյում, բայց, իհարկե, նյարդային շարժումներով: Հետաքրքիր կերպար էր, անտեղի աքլորանալու կիրքը շաղկապում էր ծանր պահին լրջանալու խոհեմության հետ: Ուսիս անսպասելի թփթփացրեց ու փսփսաց. «էդ չմոն (այսինքն՝ Կապչյոնին) քեզ ձեռնոց է նետել,վերցրու ու պատվով կռիվն ընդունի, մեկ է, գնդում մայրիկը լացացնելու ենք»:

Մարգարեացավ շարքային Ջամիրաշվիլին: Դուռը անսպասելի բացվեց, շեմքին կանգնած էին երկու ավտոմատազեն զինվորներ, որոնց ոտքերի առաջ դատարկ դույլեր էին դրված:Կարգադրեցին մենախուցը բերնեբերան լցնել ջրով:

Լցրինք: Այն վերածվեց անսովոր մի բաքի: Ջեմալին ուղեկցեցին մի այլ, ընդհանուր խուց, իսկ ինձ տարան կալանատան միջանցքի վերջը, դեմքով շրջեցին դեպի պատը և հրահանգեցին ծպտուն չհանել, սպասել նոր կարգադրության: Կրկին, զարմանալի հանդիսավորությամբ առջևս բացվեց թիվ 8 մենախցի երկաթյա դուռը. ասես մեծ թատրոնի վարագույրն էր հետ քաշվում ‹‹Ռուսլան և Լյուդմիլա››ներկայացումից առաջ: Խցում թունավոր գոլորշին թանձր և մրմռացնող վարագույր էր կապել:

Քլոր էին լցրել ջրի մեջ: Այս հնարքը վաղուց էր կիրառվում կայազորի կալանատանը՝ բացառապես պետի կարգադրությամբ:Կարգազանց զինվորը (այս պարագայում՝ տողերիս հեղինակը) ողջ գիշեր շնչում էր գարշահոտը՝ գրեթե մինչև ծնկերը թաղված ջրում, անքուն ու կիսաքաղց:

Կազյոննի ընդհանուր խցի 8.5-ը և կարագի կեսը
Լուսաբացին ինձ թույլ տրվեց նախաճաշել թիվ 1 ընդհանուր խցի տաժանապարտների հետ, իսկ թիվ 8 մենախուցը նոր բնակիչ ուներ, բայց թե ինչով էր նա արժանացել Ֆիլեի հակակրանքին, մնաց անհայտ:

Մեր խուցը նախատեսված էր 4 զինվորի համար: Սակայն բնակիչներիս թիվը 8.5էր: Յոթս մարդավայել հասակ ունեինք՝ 1մ. 60սմ-ից մինչև 1մ.75սմ: Ութերորդի բոյը ուղիղ 1մ. 99սանտիմետր էր, նարդու նման բարալիկ էր և ուռենու ճյուղի պես գալարուն: Նրան ծալծլում էինք տարբեր եղանակներով՝ փորձելով մի կերպ տեղակայել 4 տախտակե մահիճներից մեկի եզրին, ոտքերը գետնին կախված, գլուխը հարևանի թևի տակ:
***
Կալանատան առօրյան անկանխատեսելի էր: Վերկացը առավոտ ծեգին էր, 5.00-ին: Դռան վերևում ագուցված ազդանշանային լամպը լիրբ կնկա աղաղակով էր մեզ արթնացնում: Ելնում էինք ու անմիջապես շարվում միջանցքում: Բետոնակուռ խցերի միջև չկար որևէ հաղորդակցություն: Չեինք շփվում նաև շարքում: Հերթապահ սպան մաքիների անտեր հոտին փարախում բռնած գայլի հայացքով մեզ տեղազննելով՝ հատու հրահանգում էր մաքրել արտաքնոցը, խցերն ու միջանցքը, բակն ու իր սապոգները, լվացվել, նախաճաշել, շարվել բակում: Ավելի հաճելի բան, քան կալանատան արտաքնոցի մաքրազարդումն էր, դժվար էր պատկերացնել: Այդ կենսաբանական հաստատությունը դեղատան նման մաքրամաքուր պիտի լիներ: Այդպիսին էր խստաբարո պահանջը:

Նախաճաշը… մեր սփոփանք քաղցր թեյը և կազյոննի անարատ կարագը մատուցվում էր կիսով չափ. 2 շաքարի փոխարեն 1 շաքար էր տրամադրվում, 1կտոր սպիտակ հաց և 25գրամ կարագ 50-ի փոխարեն:Այս ամենը կանոնակարգված էր շատ վաղուց,կալանատան չգրված օրենսդրությամբ: Նույն օրենսդրությամբ քնում էինք առանց հագուստներս և սապոգներս հանելու, գոտիներս պինդ կապած, միայն թույլատրվում էր օձիքի վերին կապիչն արձակել:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ