«Армяно-российские отношения сегодня нуждаются в особой заботе… Дорогие друзья, любая дружба требует усилий… Дружба, конечно, имеет и инерцию. Но только на инерции она не может развиваться… Дружба прекращается тогда, когда появляются сомнения в искренности и намерениях друзей, и когда одна из сторон стремится получить больше, чем готова отдать. Трудно и накладно дружить с вечно просящими, назойливыми и ноющими, такие отношения непременно трансформируются в вассальные или раздражающие».
ՀՀ երկրորդ նախագահի՝
Լազարյան ակումբի նիստում ունեցած ելույթից

Լազարյան ակումբի նախաձեռնող Կոնստանտին Զատուլնն է՜լ է շատ հետաքրքիր մարդ. նույն ֆորում է հրավիրում և՛ Քոչարյանին, և՛ Փաշինյանին, ապա Նիկոլի չգալուց հետո մի բան էլ նեղանալու ակնարկներ անում՝ մոտավորապես էսպես, թե երևի Փաշինյանն ավելի կարևոր գործեր ուներ, որ չեկավ ֆորում: Արդյունքում ստացվում է, որ Փաշինյանը, կարևոր չհամարելով, չգնաց «Լազարյան ֆորում»:

Այ հենց էսպես են մարդկանց գլխին չեղած բանից բան սարքում:
Իսկ Քոչարյանն էլ էդ բանը հասցնում է իր կուլմինացիային՝ հայ-ռուսական հարաբերությունները դասելով գրեթե կոնֆլիկտայինի շարքը:
Այ քեզի բա՜ն:
Ոնց որ «Կռազի» վարորդ դարձած Ֆռունզը՝ Խաչիկյան Ռուբիկ ջանը, կասեր՝ «Կտո՞ օն տակոյ էտըտ պատերպևշիյ, կուդա օն պաշոլ, յա յիվո, գավարիտ, պեռվիյ ռազ վիժու»…

Ինչ վերաբերում է այդ ֆորումի «վիշենկային»՝ ՀՀ երկրորդ նախագահին, ապա ինքը Ռուբիկ ջանի ընկեր Վալիկոյի նման ասում է, թե՝ «Յա պեշկոմ պաստայու», քանզի… «նստել» չի ուզում: Բայց մյուս կողմից էլ, որքան էլ՝ «պեշկոմ», երկրից բացակայել ինքը չի կարող: Եւ ուստի ինքն էլ, ճարահատ, երևակայական ճամփորդության է ելել, աշխարհեաշխարհ մտովի ընկել, արդեն լրջորե՜ն է մեր օրերի Իսրայել Օրիի տեղն իրեն դրել:

Այնպիսի տպավորություն է ստեղծում, թե առանց իրեն հայ-ռուսական շփում գոյություն չունի: Ու այ ստեղ ուզում ես այդ վարկածի համար հիմնավորում գտնել ու դրա խաթեր պատմության խորք մտնել, բայց լրիվ հակառակ, լրիվ խայտառակ մի պատկեր նկատել. բոլոր հակառուսական տրամադրություններն ու ողջ ռուսատյաց մթնոլորտը իր՝ ՀՀ երկրորդ ու իր հաջորդ՝ ՀՀ երրորդ նախագահի օրոք են հենց սերմնավորվել ու ձևավորվել:
Չնայած դրան՝ մարդն էսօր իրեն հռչակել է հայ-ռուսական «փչացած հարաբերությունների» , «փչացած կապերի», «փչացած հեռախոսի մարդ», առանց ում էդ կապը կխզվի, չի դզվի: Արդյունքում՝ ինքն է «փչացած» հեռախոս դարձել ու ելել է «բեմ», աղաղակում է էդ առթիվ շաբաթն ուղիղ ութ անգամ, իսկ թե «բեմին» չէ, կամ կուլիսներից կամ «սուֆլյոր»-հուշարարի «փոսից» է քչփչո՜ւմ-քչփչո՜ւմ:
Քչփչո՜ւմ, աղաղակո՜ւմ, հայ-ռուսական կապերի մեծ երախտավոր Իսրայել Օրու գործի շարունակող է, առանց մեկին հարցնելու, ինքն իրեն կարգում:

Էն օրերի ու «մեր օրերի» Օրիների միջև, սակայն, տարբերություն կա:
Է՛ն օրերի Օրին, աշխարհեաշխարհ ընկած, Հայաստանի՛ համար էր փրկիչ որոնում, «մե՛ր օրերի Օրին», աշխարհեաշխարհ ընկած, ի՛ր համար է փրկիչ որոնում:
Է՛ն օրերի Օրին աշխարհեաշխարհ անձամբ էր ընկնում, «մե՛ր օրերի Օրին» առանց երկրից դուրս գալու է աշխարհեաշխարհ ինտենսիվ ընկնում:
Եւ վերջապես, է՛ն օրերի Օրին ուզում էր բոլոր հզոր տերություններին բարեկամացնել Հայաստանի հետ, «մե՛ր օրերի Օրին» ուզում է բոլորին գժտեցնել… Հայաստանի հետ:

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ