Առողջ ու լավ սնվելը այսօրվա մարդու հիմնական մարտահրավերներից է: Մի կողմից սնվելը կարեւոր է, մյուս կողմից տարեցտարի ավելանում են այն գումարները, որոնք մենք ծախսում ենք սննդի վրա: Ինչպես առողջ ու լավ սնվել եւ զուգահեռ խնայել ընտանեկան բյուջեն: Edinstvennaia.ua-ն ներկայացնում է վեց մթերքներ, որոնց վրա, ըստ կայքի խմբագիրների, չպետք է գումար խնայել:

Թխվածք եւ դեսերտ.- Ով թեկուզ մեկ անգամ ինքնուրույն թխվածք կամ տորթ է պատրաստել, գիտի, որ բաղադրիչներն այնքան էլ թանկ չեն: Ուստի երբ տեսնում ենք խանութում տորթ չափազանց ցածր գնով, նախ եկեք մտածենք, թե ինչու է այն այդքան էժան, չէ որ եթե մենք գնեինք բաղադրիչները, ավելի թանկ կստացվեր: Հիշեք, թխվածքի եւ դեսերտի վրա խնայել պետք չէ:

Շոկոլադ.- Նույնն է, ինչ թխվածքի պարագան: Լավ շոկոլադը չի կարող լինել էժան: Եթե շոկոլադը շատ էժան է, ապա այնտեղ ընդամենը փոխարինիչներ ու ճարպեր են, իսկ կակաո՝ պարզապես չկա:

Կիսաֆաբրիկատներ.- Օրվա մեծ մասը աշխատավայրում անցկացնող մարդկանց համար կիսաֆաբրիկատները պարզապես փրկություն են: Սխալ է այն կարծիքը, թե բոլոր կիսաֆաբրիկատները վնասակար են: Չկա նման բան: Պետք է պարզապես լինել ուշադիր եւ գնել որակյալը: Ուշադիր եղեք, եթե օրինակ մեկ կլիոգրամ պելմենին արժե ավելի էժան, քան կես կիլոգրամ միսը, ուրեմն այստեղ ինչ որ բան այն չէ:

Ոչ սեզոնային մրգեր եւ բանջարաեղեններ. – Առհասարակ պետք է հիշել, որ ամեն միրգն ու բանջարեղենն ունի իր սեզոնը: Սակայն եթե ձմեռվա կեսին ձմերուկ եք ուզում եւ խանութում կա, հիշեք, որ այն տարբեր եղանակներով պահել հասցրել են մինչեւ այդ սեզոնին կամ բերել են օվկիանոսի այն կողմից, հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից, կրկին որոշակի մշակման ենթարկելով: Նման դեպքերում հունվարին օրինակ ձմերուկը չի կարող լինել էժան, իսկ եթե գինը բարձր չէ, ուրեմն զգույշ եղեք, ուտելուց հետո ստամոքսը կարող է անհանգստացնել:

Կաթնաշոռ.- Էժան կաթնաշոռում հույս չունենաք թե կգտնեք կաթ եւ սպիտակուցներ: Այնտեղ պարզապես փոխարինիչներ են: Նման կաթնաշոռ գնելը փողի վատնում է պարզապես:

Պանիր.- Նույնն է նաեւ պանրի պարագան: Ձրի պանիր միայն մկան թակարդում է դրված լինում: Շատ էժան պանիրը չի կարող իր մեջ պարունակել անհրաժեշտ բոլոր նյութերն ու կաթը: Պանրի մեջ փոխարինիչները կարող են առաջացնել սրտխառնոցներ եւ փսխումներ: Ուստի ավելի լավ է ուտել քիչ, բայց թանկ ու որակով, քան շատ եւ անորակ: