Մասլեննիկովի պողոտայի Ֆիլե անակնկալը

1975-ի ամռանը թիվ 1 վաշտի ավագանին (‹‹ստարիկները կամ դեմբելները››) անխռով վայելում էր վաստակած արտոնյալ կյանքը: Ոմանք օրն էին մթնեցնում սալաբոններին (նորակաչիկ զինվորներին) հրամցնելով զինվորական կյանքի հմայքները, որն արտացոլվում էր ‹‹Ունակ չես՝ կուսուցանենք , չես կամենում՝ կպարտադրենք›› բազմախորհուրդ դոգման, մյուսները սպասում էին զորացրման բաղձալի օրվան՝ թրև գալով գնդի և հարակից թաղամասի գաստրոնոմների միջակայքում, պարտքի բարձր գիտակցմամբ սիրահետելով երիտասարդ ու, չգիտես թե ինչու, ամառ-ձմեռ լանջաբաց վաճառողուհիներին և ավագ դասարանների քայլերգի նման զրնգուն աշակերտուհիներին: Սպաների անգամ ամենածեքծեքուն կանայք օրակարգից դուրս էին, գործում էր զինվորական անխախտ պատվախնդրությունը:

***

Թիվ 1 վաշտում իշխանությունը բազմազգ եռապետության ձեռքում էր: Ղազախ Ալպարովը, թաթար Խիդիատուլինը և ես հսկում էինք ներքին կանոնակարգը, ուսուցանում էինք նորակոչիկներին, պարբերաբար սաստում էինք գալիք դեդովշչինայի հովերով տառապող մեկտարեցներին: Հաճույքով եմ հիշում, որ գնդի պատիվն ու պատիժը կազմող հայկական դասը ինչպես նորակոչիկության շրջանում պահպանեց արժանապատվությունը, անպես էլ լիակատար իշխանության շրջանում թույլ չտվեց անտեղի ոտնահարել ռուս, բելառուս, խախոլ, թուրքմեն և էստոնացի նորակոչիկների թե զինվորական, թե մարդկային և թե ազգային արժանապատվությունը: Այն տարիներին հպարտությամբ հիշում էի, որ հայ զինվորականությունը ամենուր եղել է աշխարհի հզորագույն զորաբանակների աղը: Սկսած Դարեհից, վերջացրած գնդով:

***

Ելքը գտել էի: Մետաղյա ժապավենները փակցնում էի ուսադիրներիս և վաշտում երկու օրը մեկ անգամ կատարում էի հերթապահի պարտականությունները: Հստակ էի կատարում: Ցանկացած այլ մի վաշտապետ երանի կտար, որ վաշտում կյանքն ընթանար հստակ և խաղաղ, առանց սպաների անդորը խախտող զանազան ՉՊ-ների:

Հերթապահությունն ավարտելով՝ ծոցագրպանումս էի թաքցնում մետաղե ժապավենները և սերժանտից վերածվում էի շարքայինի: Գումարտակի հրամանատարն ու քաղղեկը, գնդի հրամկազմը դա տեսնում էին, սակայն անվրդով աչք էին փակում. կարևորը անխարդախ ծառայությունն էր, ոչ թե իմ ուսադիրների խաբկանքը:

***

Մագերամով-Կապչյոնին օր-օրի մռայլվում էր: Իմ հեղինակությունը նրա ասկյարական հոգին ազգայնամոլական մաղձով էր պատում: Ելքը գտավ: Մի աննշան զանցանք հոտոտելով՝ դա դարձրեց ահաբեկչական ընդվզում ԽՍՀՄ անվտանգության նկատմամբ և հայհոյեց, երկար, անհամ և այնքան անհասկանալի, որ լեզուն կապ ընկավ: Իհարկե հակադարձեցինք, ընդ որում Ջեմալը հայոյում էր հայկական ակցենտով, ես, բնականաբար՝ վրացական: Հաջորդ օրը գնդի տողանի ժամանակ ինձ ու Ջամփշավիլուն ի ցույց դրեցին և հայտնեցին գնդի հրամանատարի տեղակալի հրահանգը՝ կալանք 10 օրով: ՝Դրան ավելացվեց 1-ին գումարտակի հրամանատարի ‹‹պարգևավճարը›› կալանք ևս 5 օրով: Բանն այն է, որ գնդի մարտական հաշվարկները, հրամանատարի ղեկավարությամբ մասնակցում էին օգրուգային զորախաղերին: Կապչյոննի ժամանակավորապես կատարում էր մեր գումարտակի հրամանատարի պարտականությունները:

***

Կայազորի կալանատունը քաղաքի կենտրոնում էր տեղակայված, Մասլեննիկովի պողոտայում: Եռահարկ անշուք շինություն էր, քաղաքի մյուս շենքերից տարբերվում էր շրջապատող բարձր պարսպով:

Կալանատունը դեղին սվաղով էր պատված, իսկ պարիսպը կարմիր աղյուսով էր շարված: (Մեկ օր անց երանությամբ էիր հիշում Բայրամովի վռիկը. կալանատան կերակուրը նորմայից պակաս էր 2 անգամ և գրգռում էր խոզանոցի բույրով):

Կալանատան պետը ավագ լեյտենանտ Սերովն էր, գնդում ճանաչելի իր ինքնատիպ մականունով՝ ֆիլե: Գնդում նա աչքի էր ընկնում մի նողկալի սովորությամբ՝ յուրաքանչյուր զինվորի ստիպում էր իրեն պատիվ տալ կանոնակարգի ողջ խստությամբ: Ինչ էր այն. սպային ընդառաջ քայլող զինվորը, անգամ եթե 30 աստիճան սառնամանիք էր կամ էլ անձրևի հեղեղ, պետք է անցներ շարային քայլի, սպային հավասարվելով կատարեր աջ կամ ձախ հավասարում և շարունակեր շարաքայլը ևս երեք մետր: Նման գերանհեթեթ բան մեզ չէր պարտադրում անգամ փոխգնդապետ Կատյուկը:

***

Թե ինչ հնարքով էր Սերով-Ֆիլեն նշանակվել կայազորի կալանատան պետ, մթին գատնիք է: Սակայն նրա լուսավոր սենյակում դրա մասին չէինք մտածում: Մեզ էր զննում ճիշտ այն հայացքով, որով սովետական ռազմաֆիլմերում գեստապոյի սպան զննում էր գերի ընկած աննկուն պարտիզաններին:

Սերով-Ֆիլեն բավականին հստակ իրազեկեց մեզ գալիք տասնհինգ օրյակում մեր անհնազանդ գլխներին գալիքը՝ որևէ զանցառություն և ճանապարհ կբռնեք ուղիղ դեպ դիսբատ, քանզի ‹‹սա ձեզ համար քաղպաշտպանության գունդը չէ, տկարամիտ սրիկաներ››:

Օրակարգը սահմանելով՝ նա հրահանգեց մեզ հյուրընկալել կալանատան թիվ 8 մենախցում: Թե ինչպես էր կալանավոր-զինվորը օրը մթնեցնում այդ զարզանդելի զնդանում, կիմանաք քիչ անց: Բանն այն է, որ ավագ-լեյտենանտ Սերով-Ֆիլեն գնդում մի նվիրական կորիշ ուներ… ավագ լեյտենանտ Մագերամով-Կապչյոննին:

Շարունակելի

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

*Դիսբատ -կարգապահական գումարտակ, որտեղ կարգազանց զինվորին բռնատանջում էին դաժան խստությամբ: Դիսբատում շատ բանակային հասկացություններ գլխիվայր էին շրջված: Այնտեղ չէին քայլում, վազում էին, անգամ արտաքնոցի ճանապարհին էին քնում, ննջում էին մի աչքը միշտ արթուն-պահակ և այսպես շարունակ: